Օրենքով պաշտպանված գարեջուր, որ կարելի է պահել մինչև հինգ տարի. «Փաստ»
Society
«Փաստ» օրաթերթը գրում է
Ներ կ ա յումս գա րեջ ր ա գոր ծու թ յ ա ն պատմաբանները չեն կարող վստահորեն ասել, թե ինչպես է առաջացել Վայսբիրը՝ բեռլինյան «սպիտակ» գարեջուրը: Հուսալիորեն միայն հայտնի է, որ ցորենից գարեջուր ինքնին առաջին անգամ եփվել է դեռ միջնադարում Բոհեմիայում, որը գտնվում է Բեռլինից հարավ-արևել քում: Այնուամենայնիվ, դեռևս հայտնի չէ, թե ինչպես է Վայսբիրը հայտնվել Բեռլինում և այնտեղ վերածվել բոլորովին նոր տեսակի գարեջրի։
Ըստ մի տեսության, բեռլինյան «սպիտակ» գարեջուրը առաջացել է Սաքսոնիայում աճեցված գարու մի տեսակից։ Մյուսները վստահ են, որ Վայսբիր գարեջուրը Բեռլին է հասել հուգենոտների շնորհիվ։ Կան նաև այնպիսիք, որոնք պաշտպանում են այն տեսությունը, թե այդ տեսակի գարեջուրը ծագել է հենց Բեռլինում՝ բոհեմական գարեջրագործներից անկախ: Եվ նրանք դրա համար ապացույցներ ունեն. կա 1642 թվականի փաստաթուղթ, որտեղ նշվում է գարեջրի այդ տեսակի մասին, և կա պնդում, որ այն հորինել են Բեռլինում։ Ինչ էլ որ լինի, բայց 19-րդ դարի սկզբին Վայսբիրը դարձել էր առանձնահատուկ հարգված գարեջրի տեսակ, որն արտադրվում էր գարեջրի 700 գործարաններում։ Այնուամենայնիվ, ավելի ուշ գարեջրի այդ տարատեսակը սկսել է կորցնել ժողովրդականությունը, և այսօր այն արտադրում է միայն SCHULTHEISS գարեջրի գործարանը, որը պատկանում է գերմանական խոշորագույն BRAU UND BRUNNEN ընկերությանը:
Ի՞նչ է իրենից ներկայացնում բեռլինյան «սպիտակը»՝ Վայսբիրը: Թերևս ամենաուշագրավ հատկանիշը, որն ազդում է ըմպելիքի համի վրա, այն է, որ խմորումը տեղի է ունենում ոչ միայն խմորիչի, այլ նաև կաթնաթթվային բակտերիաների օգնությամբ։ Այդ առումով այս գարեջրին ամենամոտ տեսակը բելգիական Գյոզն է։ Վայսբիրն ունի բնորոշ թթու համ՝ մրգային նոտաներով և ածխածնի երկօքսիդի բարձր պարունակություն: Ալկոհոլի պարունակությունը ցածր է՝ ընդամենը 2,5-2,7 %։ Հաճախ գարեջրին խմելուց առաջ օշարակ են ավելացնում, որպեսզի այն ավելի քիչ թթվային լինի: Գարեջրի այս տեսակը պատրաստվում է ցորենից (մինչև 30 %), գարուց և շագանակագույն ածիկից։ Նախկինում եղել է երկու տարատեսակ (թույլ և ուժեղ թնդության), բայց ներկայումս արտադրվում է բացառապես «թեթև տարբերակը»։
Բեռլինի «սպիտակը» մատուցվում է հատուկ գնդաձև բաժակներով, որոնք կարող են տեղավորել երկու շիշ գարեջուր (այն լցնում են 0,33 լիտրանոց շշերի մեջ)։ Նման բաժակներն օգտագործվում են այն պատճառով, որ այս գարեջուրը շամպայնից վատ չի փրփրում։ Ի դեպ, Նապոլեոնը 1809 թվականին Բեռլինը գրավելուց հետո սկսել է գարեջրի այդ տեսակը անվանել «հյուսիսի շամպայն»։ Հատկանշական է, որ ինչպես շամպայնը, այնպես էլ այս գարեջուրը կարելի է պահել բավականին երկար՝ մինչև 5 տարի։ Միաժամանակ խմիչքի համն ու բույրը տարիների ընթացքում դառնում է ավելի ինտենսիվ։ Ներկայումս իսկական Վայսբիր գարեջուրը պաշտպանված է օրենքով և կարող է արտադրվել միայն Գերմանիայի մայրաքաղաքում։
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում