Ալիևը կրկին Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ է հնչեցրել
International newsԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր խոսքում դարձյալ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ է հնչեցրել՝ հայտարարելով, թե իբր ՀՀ մայրաքաղաք Երևանն իրենց հնագույն «Իրևան» քաղաքն է, որի «հանձնումը» Հայաստանին «աններելի հանցագործություն» է։
«Այսպիսով՝ մեր հինավուրց հողը բաժանվեց մեզանից»,- Ալիևը նման անհեթեթ հայտարարություն է արել Արցախի օկուպացված Կովսականում իր ելույթի ժամանակ։
Նա նշել է, թե իբր «ներկայիս Հայաստանի տարածքում գտնվող Արևմտյան Զանգեզուրի բոլոր տեղանունները պատկանում են ադրբեջանական ժողովրդին, բոլոր գյուղերը ազգային կազմով ադրբեջանական են»։
Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է խաղաղության պայմանագիր կնքվի։
«Խաղաղության պայմանագիրը նշանակում է երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում։ Արդյունքում մենք հասել ենք դրան, և Ադրբեջանն արդեն որոշել է իր աշխատանքային խումբը։
Մյուս կարևոր խնդիրը Զանգեզուրի միջանցքի բացումն է։ Հայաստանը միշտ փորձել է դա կանխել։ Բայց նորից նայեք բրյուսելյան հանդիպման պաշտոնական հայտարարությանը, արդեն մատնանշվել է, որ թե՛ երկաթգիծը, թե՛ ճանապարհն անցնելու են Մեղրիով, Զանգեզուրով։ Այսինքն՝ մենք դրան հասնում ենք, ես էլ ասել եմ, որ հասնելու ենք»,-նշել է Ադրբեջանի նախագահը։