9 հոգով հարձակվել էին ինձ վրա․ Լևոն Քոչարյանը կապտուկներով դուրս է եկել
SocietyՈստիկանների մեջ կային մարդիկ, որ անիմաստ աշխուժություն էին ցուցաբերում, փորձում էին կոպիտ բան արած լինեին, երբ ընդհանրապես դրա իմաստը չկար: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին ոստիկանության Էրեբունու բաժնի դիմաց լրագրողներին ասաց ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լեւոն Քոչարյանը, ում շուրջ մեկ տասնյակ ոստիկաններ ուժ կիրառելով եւս բերման էին ենթարկել կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից:
«Մեկը մեջքից է բռնած, մեկը կողքից, մեկ էլ մեկը գալիս է, ուզում է անպայման թեւս ոլորի: Միգուցե մտածում էին, որ այդպես անելով պարգեւավճարը ավել կլինի կամ առաջխաղացում կունենա: Եթե նույնիսկ հրահանգ չունեին, մտածում էին, որ նման բան անելով ինչ-որ մեկը կուրախանա վերեւներում: Հստակ բիրտ ուժ էին կիրառում:
Այս ամենը չէր լինի, եթե թույլ տային մի քանի պատգամավորների ներս մտնել կառավարության շենք եւ հանդիպել նախարարների հետ»,-ասաց նա՝ հավելելով, որ սրանով փորձում են մարդկանց վախեցնել:
«Այս անգամ զուտ վարչական իրավախախտմամբ չեն բերման ենթարկել, այլ խուլիգանության կասկածանքով: Երեւի փորձելու են քրեական գործ հարուցել: Դա աբսուրդ է, դատարկություն է, բայց երեւի սրանով ուզում են էլ ավելի կոպիտ ապօրինությունների գնալ»,-ընդգծեց Լեւոն Քոչարյանը:
Անդրադառնալով իր ձեռքի կապտուկներին, նա ասաց, որ դա ոստիկանական գործողությունների հետեւանքն է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Դիմադրություն» շարժման անդամները առավոտից երթով հասել էին Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ են, որպեսզի ընդդիմադիր պատգամավորները մտնեն ներս՝ պարզելու նախարարների դիրքորոշումը Շարժման ձևակերպած Հայտարարության մասին, բայց ոստիկանները նախ թույլ չտվեցին պատգամավորներին ներս մտնել, ապա նաեւ որոշ ժամանակ անց հրմշտոց ու բախումներ սկսվեցին ցուցարարների ու ոստիկանների միջեւ:
Կան տուժածներ եւ բազմաթիվ բերման ենթարկվածներ: Պատառոտված են ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի շապիկը, հարված էր ստացել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Հարվածներ էր ստացել նաեւ Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանը, որի վերնաշապիկը պատառ-պատառ էր եղած: