«Աննա Աստվածատուրյան» հիմնադրամն Արցախի նորածիններին հանձնեց իրենց առաջին նվերը
SocietyԻ պատիվ և աջակցություն Արցախի ուժեղ ու հերոսական ընտանիքների, որոնց օրինակը ոգեշնչող է. հենց այս գաղափարով է առաջնորդվել Աննա Աստվածատուրյանը` նախաձեռնելով Արցախի նորածին փոքրիկների համար նախատեսված նվեր-տուփերի ստեղծումը:
Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամը մեկնարկեց «Սեր Արցախ» բարեգործական ծրագիրը: Նախագիծը իրականություն է դարձել Սփյուռքում և Հայաստանում բնակվող մեր հայրենակիցների ջանքերով: Յուրաքանչյուրի նվիրատվությունը կիրառվել է նպատակային, ինչի շնորհիվ այսօր Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում 16 փոքրիկ ստացել է իր առաջին նվերը:
«Անչափ հուզվեցի և երջանկությամբ լցվեցի, երբ լուսանկարներում տեսա ծնողների ժպիտները և փայլող աչքերը նվեր-տուփը ստանալու պահին: Այն ամենից հետո, ինչի միջով անցավ մեր Արցախը, ինձ համար շատ կարևոր էր այս նախաձեռնությամբ ջերմություն բերել հենց այն ընտանիքներ, որոնք դժվարություններին տեղի չեն տվել և շարունակում են ապրել և երազել իրենց հայրենի տան պատերից ներս»,- նշել է Աննա Աստվածատուրյան Թերքոթը:
Նվեր-տուփերում ներառված բոլոր պարագաները բարձրորակ հայկական արտադրանք են և ձեռք են բերվում Հայաստանում ու Արցախում: Յուրաքանչյուր տուփ ներառում է գիշերանոց, քնապարկ, սրբիչներ, վերմակ, խնամքի հիմնական պարագաներ (անձեռոցիկներ, մանկական շամպուն, ջերմաչափ և ծծակ), ծննդկանի համար նախատեսված հիգիենայի պարագաներ, ինչպես նաև Հայաստանում անհատական պատվերով պատրաստված փափուկ մանկական գրքեր և փայտե անիվներով խաղալիքներ:
Աննա Աստվածատուրյան Թերքոթը ամերիկաբնակ հայ գրող, բարերար, իրավաբան, Վեստբրուկ բնակավայրի քաղխորհրդի ընտրված նախագահ, «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի նախագահն է: Աննան նաև «Ոչ մի տեղ. արտաքսման մի պատմություն» (անգլ.՝ Nowhere, a Story of Exile) ինքնակենսագրական գրքի հեղինակն է` հիմնված 11 տարեկանում գրված իր օրագրի վրա, որում նա ներկայացնում է Բաքվում հայերի ջարդերից փախչող իր ընտանիքի պատմությունը: 2013 թվականին նա Մենում հաջողությամբ աշխատել է օրենսդիր մարմնի կողմից Արցախի Հանրապետության պաշտոնապես ճանաչման ուղղությամբ: Դրանից ի վեր Աստվածատուրյան Թերքոթը Հայաստանում և Արցախում իրականացրել է բարեգործական մի շարք ծրագրեր: 2020թ. հիմնել է «Աննա Աստվածատուրյան» բարեգործական հիմնադրամը: Հիմնադրամի խոշոր նախագծերից է 44-օրյա պատերազմից հետո իրականացված «Արցախյան պատերազմ 2020. կորուստներ, մարտահրավերներ և դիմակայության զարգացման հնարավորություններ» հետազոտությունը:
Այժմ «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամը մեկնարկում է «Սեր Արցախ» ծրագիրը, որն ուղղված է Արցախում նորածին երեխաներ ունեցող ընտանիքների աջակցությանը: