Ցորենի համաշխարհային գները Պուտինի խոսքերից հետո սկսել են իջնել
EconomicsՑորենի համաշխարհային գներն սկսել են իջնել Ուկրաինայից ցորենով բեռնված նավերի անցումը երաշխավորելու մասին Պուտինի խոսքերից հետո, ասել են իտալացի վերլուծաբանները։ Ցորենի արժեքը երեք օրում ընկել է 10 տոկոսով եւ վերադարձել ապրիլի սկզբի գնին, գրել է Forbes-ը։
Ցորենի համաշխարհային գները սկսել են իջնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն խոսքերից հետո, որ նա պատրաստ է երաշխավորել Ուկրաինայից ցորենով բեռնված նավերի անցումը, տեղեկացրել են Իտալիայի գյուղտղնտարտադրողների Coldiretti ասոցիացիայի վերլուծաբանները։
Ցորենի ֆյուչերսի գինը Չիկագոյի առեւտրի պալատի աճուրդների փակման օրը կազմել է մեկ բուշելը (27,2 կիլոգրամ) 10,4 դոլար՝ երեք օրում նվազելով 10 տոկոսով։ Այդպիսով, ցորենի արժեքը վերադարձել է ապրիլի սկզբի նշումներին, ասել են Coldiretti-ում։ Կերային եգիպտացորենի ֆյուչերսի գինը երեք օրում նվազել է 6,4 տոկոսով՝ մեկ բուշելը 7,27 դոլար։
Եգիպտոսը, Թուրքիան, Բանգլադեշը եւ Իրանը Ռուսաստանից եւ Ուկրաինայից գնում են ցորենի ավելի քան 60 տոկոսը, այդ երկրներից խիստ կախված են նաեւ Լիբանանը, Թունիսը, Եմենը, Լիբիան եւ Պակիստանը, նշել են իտալացի վերլուծաբանները։ «Սեւ ծովի նավահանգիստներից նավերի դուրս գալը նշանակում է ուկրաինական պահեստների ազատում, որտեղ, ըստ գնահատականների, կան ավելի քան 20 մլն տոննա ցորեն, գարի եւ եգիպտացորեն, որոնք նախատեսված են արտահանման համար ինչպես հարուստ, այնպես էլ աղքատ երկրներ, որտեղ դեֆիցիտը կարող է առաջ բերել անկարգություններ եւ սով»,- նշել են նրանք։
Ցորենի հետ կապված ծայրահեղ վատ վիճակն առնչվել է նաեւ Իտալիային, որը ներմուծում է ցորենի 64 եւ կերային եգիպտացորենի 53 տոկոսը եւ հիմա բախվում է հացահատիկի դեֆիցիտին, ասել են Coldiretti-ում։ Ասոցիացիայի տվյալներով՝ միայն 2021թ. երկիրն Ուկրաինայից գնել է 122 մլն կիլոգրամ ցորեն եւ 785 մլն կիլոգրամ եգիպտացորեն։
Ավելի վաղ Պուտինը «Россия 24» հեռուստաալիքի հարցազրույցում ասել էր, որ Մոսկվան պատրաստ է ապահովել հացահատակի դուրսբերումը Ազովի ծովի նավահանգիստներով, որոնք վերահսկում է Ռուսաստանը, եւ Սեւ ծովի նավահանգիստներով, որոնք գտնվում են Ուկրաինայի վերահսկողության տակ։
ՌԴ նախագահն ավելացրել է, որ ռուս ականազերծողներն ավարտում են Ազովի ծովի Բերդյանսկ եւ Մարիուպոլ նավահանգիստների «երեք շերտով» ականազերծումը, ինչը մնացել է Ուկրաինայից հետո։