Երևանում տեսախցիկներն արձանագրել են «Սոլո» բարի տնօրենի ողբերգական ավտովթարի պահը
SocietyShamshyan.com-ը ներկայացնում է մայիսի 17-ին Երևանում «Սոլո» բարի տնօրենի ողբերգական ավտովթարի պահը, որն արձանագրվել է տեսախցիկների կողմից։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 17-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Հրայր Դավթյանը իր վարած BMW 750 մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայում՝ «Տաշիր» առևտրի կենտրոնի դիմաց, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կանգառի համար նախատեսված ցուցանակին, տապալել այն, ապա բախվել բազալտե եզրաքարերին իսկ հետո՝ ծառին։
Վթարի հետևանքով վարորդ Հ. Դավթյանը, ում ավտոմեքենայից դուրս էին բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, մահացել էր։
Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի ու գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարել նույն վաշտի պարեկներ Ռուսլան Միրզոյանն ու Գոռ Հայրապետյանը։
Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: