Վրաստանում «կապիկի ծաղկի» մեկ հավանական դեպք է հետազոտվում
SocietyՎրաստանում «կապիկի ծաղիկ» հիվանդության մեկ հավանական դեպք է հետազոտվում։ Այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Նրա խոսքով, բացի նշված դեպքից, հետազոտվում էր նաև «կապիկի ծաղիկի» մեկ այլ հավանական դեպք, սակայն վարակը չի հաստատվել։
«Ինչպես գիտեք, մայիսի կեսերից ուժեղացել է այս և այլ հիվանդությունների նկատմամբ մեր վերահսկողությունը։ «Կապիկի ծաղիկի» հիմնական ախտանիշներից մեկը ցանն է, որն առկա է այժմ հետազոտվող մարդու մոտ։ Նման դեպք արդեն եղել է, սակայն պատասխանը բացասական էր։ Սա արդեն երկրորդն է, որն ուսումնասիրության փուլում է»,- ասել է Գամկղրելիձեն։
Կապիկի ծաղկի վիրուսը (Orthopoxvirus) նման է բնական ծաղկի վիրուսին:
Վարակումը կենդանիներից տեղի է ունենում կենդանիների (վարակված) արյան, կենսաբանական հեղուկների, ինչպես նաև վնասված մաշկի կամ լորձաթաղանթի հետ անմիջական շփման արդյունքում:
Ռիսկի հավանական գործոններից է՝ համապատասխան ջերմային մշակման չենթարկված, վարակված կենդանիների մսի օգտագործումը: Վարակի փոխանցումը մարդուց մարդու սահմանափակ է և հիմնականում տեղի է ունենում օդակաթիլային ճանապարհով և/կամ ախտահարված հյուսվածքի հետ երկարատև սերտ շփման արդյունքում։
Հայտնի է, որ «կապիկի ծաղիկը» փոխանցվում է երկարատև սերտ շփման, ինչպես նաև օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով: Վարակի դեմ հատուկ բուժում կամ պատվաստանյութ դեռևս չկա, սակայն վարկած կա, որ բնական ծաղիկի դեմ նախկինում ստացված պատվաստումը ապահովում է «կապիկի ծաղիկի» կանխարգելումը: