Իսրայելի վարչապետը շնորհակալություն է հայտնել Էրդողանին
International newsԻսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը երկուշաբթի՝ հունիսի 20-ին, լրագրողների համար հատուկ ճեպազրույց է անցկացրել և ասել, որ Իսրայելի և Թուրքիայի անվտանգության ծառայությունների համատեղ ջանքերով վերջերս կանխվել են մի քանի ահաբեկչություններ Թուրքիայում գտնվող հրեական պետության քաղաքացիների դեմ։ Կառավարության ղեկավարը լրատվամիջոցներին տեղեկացրել է մի քանի ահաբեկիչների ձերբակալության մասին, գրում է www.vesty.co.il-ը։
«Թուրքիայում շարունակվում է հակաահաբեկչական գործողությունը, իսրայելցիների համար սպառնալիքը դեռ չի անցել։ Մենք թուրքական կողմի հետ աշխատում ենք մի քանի ուղղություններով։ Հիմնական խնդիրը մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է։ Իսրայելցի զբոսաշրջիկներին կոչ անելով զերծ մնալ Թուրքիա, առաջին հերթին՝ Ստամբուլ այցելություններից, մենք նաև սերտորեն համագործակցում ենք գործընկերների և տեղական իշխանությունների հետ և անում ենք հնարավորը իսրայելցիներին և հրեաներին վնաս պատճառելու փորձերը կանխելու համար»,- ասել է Բենեթը։
Նա նաեւ հավելել է, որ կանխվել են «մի քանի տարբեր հարձակումներ»։ Բենեթը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ցուցաբերած օգնության համար և ասել. «Նա հնարավոր է դարձրել համագործակցությունը բոլոր մակարդակներում»։