Իտալիայում զգուշացրել են երկրի տարածքի մեկ քառորդի ամայացման վտանգի մասին
International newsԻտալիայի տարածքի ավելի քան մեկ քառորդը (28 տոկոսը) գտնվում է հողի դեգրադացիայի վտանգի տակ՝ երաշտի եւ շոգի պատճառով, որոնք սպառնում են երկրի գյուղատնտեսական արտադրանքին, հայտնում է գյուղմթերքներ արտադրողների Coldiretti ասոցիացիան:
Հաղորդագրության համաձայն՝ Պավիա նահանգի Պո գետի՝ իտալական գլխավոր ջրային զարկերակի մակարդակը նորմայից ցածր է եղել 3,3 մետրով, ինչը ավելի վատ է, քան օգոստոսի կեսերին գրանցված ցուցանիշները։
«Ջրի սակավության պատճառով վտանգի տակ է ազգային գյուղատնտեսական արտադրանքի ավելի քան 30 տոկոսը եւ անասնաբուծության կեսը»,- հայտնում է Coldiretti-ն: Իտալական խոշորագույն Մաջորե եւ Կոմո լճերի ավազանները լցված են համապատասխանաբար 19,5 տոկոս եւ 17,6 տոկոս ջրով, մինչդեռ հովիտներում ջուրն անհրաժեշտ է շոգի ֆոնին ցանքատարածությունները ոռոգելու համար։ Ապենիններում ջերմաստիճանը կհասնի ավելի քան +40-ի։
Coldiretti-ն նշում է, որ երաշտի հետ կապված իրավիճակը արտակարգ չափերի է հասել՝ սպառնալով ավելի լուրջ հետեւանքներով, քան եղել է 2003 թվականին:
«Կլիմայի փոփոխության պատճառով երկրի տարածքի ավելի քան մեկ քառորդը (28 տոկոսը) գտնվում է ամայացման վտանգի տակ, որի վնասը, ըստ Coldiretti-ի, արդեն գերազանցում է երկու միլիարդ եվրոն»,- ասվում է հաղորդագրության մեջ: 2022 թվականին, ինչպես նշվում է, տեղումները կրկնակի նվազել են, իսկ որոշ շրջաններում գրեթե երեք ամիս անձրեւ չի տեղացել։