Օրվա ցանկացած ժամի առանց տեղեկացնելու ջուրն անջատում են. ‹‹Վեոլիա ջրի» արձագանքը՝ բնակիչների բողոքին
SocietyԼՈՒՐԵՐ.com-ը վերջերս հաճախ է բողոքներ ստանում Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններից՝ ջրանջատումների հետ կապված: Մալաթիա-Սեբաստիայի բնակիչը մեզ հետ զրույցում նշեց, որ օրվա ցանկացած ժամին առանց տեղեկացնելու ջուրն անջատում են ու նման խնդիր հիմնականում ամռանն է լինում:
Թեմայի առնչությամբ փորձեցինք պարզաբանումներ ստանալ «Վեոլիա Ջուր» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մուրադ Սարգսյանից:
‹‹Մենք ողջ տարվա ընթացքում էլ ունենում ենք ջրանջատումներ, դրանք հիմնականում լինում են մեր ինժեներական կառույցների, առաջին հերթին՝ ջրագծերի վթարներով պայմանավորված:
Բացի այդ՝ եթե մեր քաղաքացիները ձմռանը ստացել են 24-ժամյա ջրամատակարարում, քանի որ ջրի պաշարները շատ են եղել, ապա ամռանը սպառման ծավալների ավելացման հետ կապված՝ տեղավորվում ենք այն ժամանակացույցում, որը պաշտնապես հրապարակել ենք››,-ասաց Սարգսյանը:
Նրա խոսքով՝ հատկապես խնդիր է առաջանում բազմաբնակարան շենքերի վերևի հարկի բնակիչներին ջուր հասցնելու հետ կապված, քանի որ ճնշումը երբեմն չի բավարարում:
‹‹Հավատացնում եմ, որ մեր համակարգն ամռանը աշխատում է ողջ հզորությամբ և, ընդհանուր առմամբ, մենք ջրի պահանջարկը բավարարում ենք: Միայն ցերեկվա ժամերին կարող են առաջանալ որոշակի խնդիրներ հատկապես Երևանի ամենաշոգ վարչական շրջաններում՝ ‹‹Մալաթիա-Սեբաստիա››, ‹‹Էրեբունի››, ‹‹Շենգավիթ››,-նշեց Սարգսյանը:
Նա շեշտեց նաև, որ մեր հասարակության մեջ կա խմելու ջրի սպառման մշակույթի խնդիր. խմելու ջրով նրանք իրենց այգիներն են ջրում՝ բազմահարկ շենքերի բնակիչներին թողնելով առանց ջրի:
Ինչ վերաբերում է ջրանջատումների մասին բնակիչներին նախապես տեղեկացնելուն, նա նշեց, որ տեղեկացնում են ֆեյսբուքյան էջի, իրենց պաշտոնական կայքի, լրատվամիջոցների միջոցով:
‹‹Ցավոք, այսօր մենք զրկված ենք բնակիչներին հաղորդագրություն ուղարկելու հնարավորությունից››,-հավելեց Մ. Սարգսյանը:
Սուսաննա Թամազյան