Հայտնի է՝ որտեղ կհուղարկավորեն Յուրի Շատունովին
CultureՀայտնի է ռուսական Ласковый май խմբի նախկին անդամ Յուրի Շատունովի հուղարկավորության վայրը: Այս մասին հայտնում է Звезда հեռուստաալիքն իր Telegram ալիքում։
Երգչին կհուղարկավորեն Տրոեկուրովսկի գերեզմանատանը հունիսի 26-ին։ Հրաժեշտի արարողությունը կսկսվի ժամը 10:00-ին և կտևի մինչև 15:00-ն:
Ավելի վաղ ուրբաթ օրը հայտնի է դարձել, որ 48-ամյա Շատունովը մահացել է Մոսկվայում։ Մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը։
Բժշկական շրջանակներում Lenta.ru-ի աղբյուրը հայտնել է, որ հունիսի 22-ին Շատունովն իրեն վատ է զգացել և գնացել շրջանային հիվանդանոց, որտեղ նրա մոտ սրտամկանի ինֆարկտ է ախտորոշվել։ Բժիշկները երաժշտին ցավազրկել են և շտապօգնություն կանչել, որն այնուհետև նրան տեղափոխել է Դոմոդեդովոյի հիվանդանոցի անոթային կենտրոն։ Հաստատության ընդունման բաժնում արձանագրվել է սրտի կանգ: Շատունովը մահացել է ինտենսիվ թերապիայի բաժնում՝ սիրտն աշխատացնելու անհաջող փորձերից հետո։
Յուրի Շատունովը ծնվել է 1973թ.–ին։ Նա մանկության տարիներն անցկացրել է մանկատանը. ծնողները ամուսնալուծված են եղել, իսկ մայրը մահացել է, երբ Շատունովը 11 տարեկան է եղել։ Մանկատանը նա հանդիպել է Սերգեյ Կուզնեցովին, որը սիրողական խմբակի ղեկավարն էր. այդ պահից սկսվել է Ласковый май խմբի պատմությունն ու Շատունովի կարիերան։