Հնդկաստանը 50 անգամ ավելացրել է ռուսական նավթի ներմուծումը
EconomicsՀնդկական նավթավերամշակողները 2022 թվականի ապրիլից մինչև հունիս 50 անգամ ավելացրել են ռուսական հում նավթի գնումները։ Այսպիսի տվյալներ է ներկայացնում The Economic Times-ը։
Այժմ ռուսական հումքը կազմում է ամբողջ նավթի 10 տոկոսը, որը Հնդկաստանը ներկրում է։ Մինչև փետրվարի 24-ը ռուսական նավթի մասնաբաժինը հնդկական շուկայում կազմում էր ընդամենը 0,2 տոկոս։ Այսպիսով՝ Ռուսաստանից Հնդկաստան նավթի մատակարարումները աճել են 50 անգամ։
Նշվում է, որ Հնդկաստան հում նավթի մատակարարումների առումով Ռուսաստանի Դաշնությունը առաջ է անցել Սաուդյան Արաբիայից և դարձել Իրաքից հետո երկրորդ մատակարարը։
Միայն մայիսին Հնդկաստանը Ռուսաստանից գնել է 25 մլն բարել նավթ։ Երկիրը նավթի երրորդ խոշոր սպառողն է աշխարհում ԱՄՆ-ից և Չինաստանից հետո՝ հումքի 85 տոկոսը գնվում է արտասահմանից:
Իր հերթին, Չինաստանը 2022 թվականի մայիսին ռեկորդային 55 տոկոսով ավելացրել է ռուսական նավթի իր ներմուծումը։ Ռուսաստանն առաջին տեղում էր բոլոր արտահանողների մեջ՝ անցնելով Սաուդյան Արաբիայից։