Արտակ Բեգլարյանը ողջունել է «Ապրելու Ձայնը» գրական-մշակութային օրերի մեկնարկը
CultureԱրցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 27-ին ներկա է գտնվել Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ հունիսի 26-ից հուլիսի 2-ը անցկացվող «Ապրելու Ձայնը» գրական-մշակութային օրերի բացման հանդիսավոր արարողությանը:
Արցախի կառավարությունից հայտնում են, որ Արտակ Բեգլարյանն ընդգծել է հետպատերազմյան իրականության մեջ նման փառատոնների կարևորությունը՝ հոգևոր զարթոնք ապրելու տեսանկյունից: «Կարծում եմ, որ մենք կկարողանանք գրականության և մշակույթի շնորհիվ գտնել ճշմարիտ ճանապարհն ու առկա դժվարությունները հետևողականորեն հաղթահարելով՝ հասնել համազգային նպատակների իրագործմանը, ինչը սերունդների առջև մեր պարտավորությունների մի մասն է: Այս տեսանկյունից բարձր ենք գնահատում Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությունը և բոլորի ջանքերը փառատոնի անցկացման համար»,- նշել է ԱՀ պետական նախարարը:
Արտակ Բեգլարյանը հաջողություն է մաղթել «Ապրելու Ձայնը» գրական-մշակութային փառատոնին՝ վերահաստատելով ԱՀ կառավարության անվերապահ աջակցությունը նմանաբովանդակ նախաձեռնություններին: