Կարող են դիտվել կարկուտ, անձրևներ և ուժեղ քամիներ․ հուլիս ամսվա կլիմայական բնութագիրը
Society2022թ. հուլիս ամսվա կլիմայական բնութագրի ու ամսական կանխատեսման մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Հուլիս ամսվա կլիմայական պայմանների ձևավորման վրա մեծապես ազդում են արևադարձային լայնություններից ներթափանցող տաք և չոր օդային զանգվածները, որոնք իրենց հետ բերում են օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում։ Ցիկլոնային գործունեությունը հանրապետության տարածքում էապես նվազում է, ինչի արդյունքում հունիս ամսվա համեմատ հուլիսին զգալի նվազում է տեղումների քանակը։ Հատկապես հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում հաստատվում է չոր և շոգ կլիմայական պայմաններ։
Հուլիսին միջին ամսական ջերմաստիճանը Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռնային շրջաններում և Սյունիքի հովիտներում տատանվում է +25...+27°C, Տավուշում` +18...+22°C, Լոռիում` +16...+18°C, լեռնային շրջաններում +15...+20°C սահմաններում:
Արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցման ժամանակ բացարձակ առավելագույն ջերմաստիճանը, որը հանրապետությունում երբևէ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանն է, 2011թ. հուլիսի 31-ին գրանցվել է Մեղրիում` +43.7°C, 2017թ. հուլիսի 29-ին Արարատում +42.6°C, Երևանում +42.0°C: Լեռնային շրջաններում հուլիսը համեմատաբար զով է, առավելագույն ջերմաստիճանը չի գերազանցում +32...+35°C: Ամենաշոգ հուլիսները դիտվել են 1949, 1962, 1980, 1989, 2000, 2010, 2011, 2015, 2017թթ., երբ օդի ամսական միջին ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 2-3 աստիճանով, իսկ առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում 5-7 օր անընդմեջ տատանվել է +39...+41°C սահմաններում: Ամենահով հուլիսները դիտվել են 1946, 1967, 1969, 1995, 2009թթ., երբ ամսական միջին ջերմաստիճանը ցածր է եղել նորմայից 2-3 աստիճանով, իսկ առավելագույն ջերմաստիճանը հանրապետության հովտային շրջաններում չի գերազանցել +34...+35°C: