Իրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին
SocietyՎարդավառը կամ Վարդեվառը, (Քրիստոսի այլակերպություն կամ Քրիստոսի պայծառակերպություն) հայ ժողովրդական նախաքրիստոնեական և քրիստոնեական տոնը, ըստ եկեղեցական տոնացույցի նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո: Այս տարի այն նշվելու է հուլիսի 24-ին:
Վարդավառի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:
Իրավաբան․net-ը տեղեկացնում է, որ աշխատանքային օրը կարող է ոչ աշխատանքային համարվել կամ տեղափոխվել այլ օր՝ կառավարության որոշմամբ, սակայն այս տարի այդպիսի որոշում կառավարությունը չի ընդունել: Այսպիսով՝ հուլիսի 25-ին՝ երկուշաբթի օրը, կլինի աշխատանքային օր։
Հավելենք, որ Վարդավառին ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է: