«Սա Փաշինյանի և Էրդողանի միջև սիրախաղ է, որը երկար չի տևի». Գուրգեն Մելիքյան
International newsԿառավարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։
«Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։
Ղեկավարներն ընդգծել են իրենց երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։
Այս համատեքստում նրանք ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն»,- ասված է հաղորդագրության մեջ:
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանն անդրադառնալով Փաշինյան-Էրդողան առաջին հեռախոսազրույցին և միմյանց շնորհավորելուն՝ նկատեց.
«Սա Փաշինյանի և Էրդողանի միջև սիրախաղ է, պարզապես սիրախաղ։ Այս երկուսից յուրաքանչյուրն ուզում է իր ծրագիրն առաջ տանել, Նիկոլը եկել է իր ծրագիրն իրականացնելու՝ գլոբալիզմի գծով, մոռանալով մեր ցավերը, ապրումները»։
Ըստ Գուրգեն Մելիքյանի՝ Փաշինյան-Էրդողան սիրախաղը, սակայն, երկար չի տևի՝ կավարտվի, քանի որ հայ ժողովուրդն ամեն ինչ արդեն հասկացել է։
«Մեր ժողովուրդն արդեն հասկացել է, թե իրեն ինչպես են խաբել։ Երկիրը հեռու պետք է պահել թշնամուց, ստից, երաժշտից։ Բայց այս անձնավորությունն այս երեքն էլ բերեց մեր գլխին։ Ստի թագավորությունը երկար չի տևելու»,- հավելեց պրոֆեսորը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ իր համար առհասարակ անհասկանալի է, թե Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներն ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել չորս հանդիպումների ընթացքում։
«Այն, ինչ տեղի է ունենում՝ տեղի է ունենում գաղտնի պայմաններում, իսկ երբ ավարտին են հասցնում իրենց քայլերը՝ հայտարարություն են անում։ Սա է Նիկոլ Փաշինյանի բերած «ժողովրդավարությունը», որն ինձ համար անընդունելի է»,- եզրափակեց Գուրգեն Մելիքյանը։