Ի՞նչ հարցումներ են կազմակերպվում Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Դեռ հստակ հայտնի չէ՝ Երևանի ավագանու ընտրություններն անցկացվելու են «ժամանակի՞ն», այսինքն, եկող տարի՞, թե՞, ամեն դեպքում, արտահերթ կարգով՝ մինչև այս տարվա վերջ, սակայն քաղաքական որոշ ուժեր արդեն իսկ սկսել են ինտենսիվ պատրաստվել:
Այդ շրջանակներում անցկացվում են տարբեր հարցումներ՝ հավանական ընտրությունների դեպքում մարդկանց տրամադրվածությունը ստուգելու համար: Ի մասնավորի, «Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ հեռախոսազանգ են ստացել՝ խնդրանքով պատասխանել մի քանի հարցի: Հարցումը սկսվում է Երևանի քաղաքապետարանի գործունեության, առանձին ոլորտների վիճակի հետ կապված հարցերով, ապա սահուն անցում է կատարվում Երևանի ավագանու ընտրություններին: Քաղաքացիներին խնդրում են իրենց վերաբերմունքն արտահայտել տարբեր քաղաքական ուժերի, ապա և՝ դաշտում գործող քաղաքական գործիչների մասին, որոնք տեսականորեն կարող են մասնակցել ընտրություններին:
Ի դեպ, մեր տեղեկություններով, հարցման մեջ ընդգրկված գործիչների թիվը բավականին մեծ է՝ Մեսրոպ Առաքել յան, Տիգրան Ավինյան, Գագիկ Բեգլարյան, Տարոն Մարգարյան, Հայկ Մարության, Ավետիք Չալաբյան, Իշխան Սաղաթել յան, Լևոն Քոչարյան և այլն: Ուշագրավ է, որ այս «ցուցակում» տեղ են գտել նաև ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահները: Մեր ունեցած տեղեկություններով, հաջորդ հարցերն առավելապես վերաբերում են ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանին և «Ապրելու երկիր» կուսակցությանը՝ մոտավորապես այն կոնտեքստում, թե ինչքանով է պատրաստ քաղաքացին քվեարկել նշյալ կուսակցության օգտին, եթե Վարդանյանը աջակցի:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում