UCOM-ն ապահովել է «Սօս – մանկական գյուղեր» ՀԲՀ-ի մի շարք կենտրոններ գերարագ ինտերնետով
Society«Յուքոմ» ընկերության տեխնիկական աջակցությամբ «ՍՕՍ - Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի մի շարք կենտրոններ այսուհետ ապահոված կլինեն գերարագ ինտերնետի հասանելիությամբ:
Ինտերնետ ծածկույթի հասանելիությունն անհրաժեշտ է կենտրոնների սաների ուսումնակրթական կարիքների բավարարման և ժամանցի կազմակերպման համար: Մասնավորապես, ըստ անհրաժեշտության կկազմակերպվեն առցանց դասեր, սեմինարներ, ինչպես նաև երեխաներին հասանելի կլինի համացանցում առկա տեղեկատվությունը՝ դասապրոցեսն ավելի արագ կազմակերպելու և հանձնարարված տնային աշխատանքները կատարելու համար:
«Որպես նորարարական կրթության ջատագով՝ մենք միշտ ձգտել ենք հնարավորինս աջակցել Հայաստանի տարբեր մասերում գործող կրթական հաստատություններին, որպեսզի յուրաքանչյուր երեխա անմասն չմնա համացանցում առկա ամենարդիական կրթական ծրագրերից ու նյութերից: Այս է պատճառը, որ «ՍՕՍ - Մանկական գյուղեր» հիմնադրամին շատ արագ և մեծ պատրաստակամությամբ արձագանքեցինք», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
««ՍՕՍ - Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի և «Յուքոմ» ՓԲԸ-ի միջև համագործակցությունը կարևոր է և լայն հնարավորություն է տալիս կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հարցում։ Մասնավորապես, «Յուքոմ» ՓԲԸ-ի հետ համագործակցության արդյունքում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները և նրանց ընտանիքներն ապահովվում են համացանցային ծառայությունների և անխափան կապի միջոցների օգտագործմամբ, որը թույլ է տալիս իրականացնել ավելի արդյունավետ և արագ ծառայությունների իրացում, մասնավորապես՝ երեխաների առցանց կրթության ապահովման, առցանց խորհրդատվության, տարբեր ոլորտներում իրազեկվածության բարձրացման ուղղությամբ, ինչն ուղղակի ազդեցություն է ունենում վերոնշյալ երեխաների և նրանց ընտանիքների ինքնաբավության հասցնելու համար», - ասել է «ՍՕՍ - Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը:
Նշենք, որ «ՍՕՍ- Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամն իր գործունեությունն սկսել է 1988 թվականի Սպիտակի կործանարար երկրաշարժից անմիջապես հետո։ Հիմնադրամը երեխայակենտրոն կազմակերպություն է, որի առաքելությունն է ապահովել կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների խնամքը՝ ընտանիքին մոտ պայմաններում: