Պոլսահայ գործիչ Մուրադ Մըխճըն մեկնաբանել է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը
International newsՊոլսահայ գործիչ, գրող, ակտիվիստ Մուրադ Մըխճըն «Քուրբան բայրամին քրիստոնյա լինելը» վերտառությամբ իր նոր հոդվածում անդրադարձել է Թուրքիայում մուսուլմանների և քրիստոնյաների հարաբերություններին։
Մըխճըն հիշեցրել է անցյալի մի պատմություն, որն իրենց մուսուլման հարևանուհիներից մեկը պատմել է իր հոր՝ Հակոբ Մըխճըի նկարահանած «Քոնյա Էրեղլի» վավերագրական ֆիլմում։ Հարևանուհին, հիշելով Միխճըի տատիկին՝ Մարիին, մասնավորապես պատմել է, որ զատկական օրերին Մարին ներկած հավկիթներ է տվել իրենց, իսկ իրենք, երբ զոհաբերություն (քուրբան) են արել, առաջինը Հակոբենց տուն են ուղարկել։
Նշելով, որ նմանատիպ օրինակներ հնարավոր է գտնել ոչ միայն Էրեղլիի, այլև Անատոլիայի հիշողություններում՝ նա նկատել է, որ այսօրվա մասին նմանօրինակ նախադասություններ կազմելը դժվար է, քանի որ փոխվել են այդ զգացողությունները։
«Հստակ կարող եմ ձեզ ասել, որ, չհաշված բացառությունները, Անատոլիայում արդեն հայ բառը, բացառությամբ գանձ գտնելուն, վերածվել է ատելության խոսքի։ Ատելության այդ խոսքը սկսվում է կրթություն ստանալու տարիքից և շարունակում է աճել մեդիայի ջանքերով»,-ընդգծել է Մըխճըն։
Պոլսահայ գործիչն անդարադարձել է Թուրքիայում «Պայքար մոլեռանդ հայերի դեմ» անունով մի կազմակերպության գործունեությանը և հարց է բարձրացրել, թե ովքեր են այդ «մոլեռանդ հայերը»․ «Ակոս» թերթի գրողնե՞րը, պատգամավոր Կարո Փայլա՞նը, թե՞ գուցե հենց ինքը։ Նա շեշտել է, որ Թուրքիայում պաշտոնական պատմագրությունը չընդունող յուրաքանչյուր տարր կարող է մոլեռանդ ընկալվել։