«Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի հերթական աջակցությունը սահմանամերձ գյուղերին
Society«Կյանքում ինչ դժվարությունների միջով էլ անցնեմ, ինչ բարձունքներ էլ գրավեմ, երբեք չեմ մոռանում՝ արմատներս այս փոքրիկ սահմանամերձ գյուղից են՝ Խնձորեսկից»,- նշում է «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի տնօրեն Աննա Աստվածատուրյան Թերքոթը։
Հուլիսի 18-ին տեղի ունեցավ «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի ջանքերով և «Փարոս» հիմնադրամի աջակցությամբ Խնձորեսկում Գ.Սևունցի անվան միջնակարգ դպրոցի հիմնանորոգված դահլիճի պաշտոնական բացման արարողությունը:
Այս նախագիծը պատերազմից հետո «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի կողմից նախաձեռնած առաջին նախագծերից է։ Ծրագրի իրականացման գաղափարն ու անհրաժեշտությունն առաջացավ 2020թ. Ադրբեջանի կողմից Տավուշի նկատմամբ ագրեսիայի արդյունքում։
«Նման պահերին ես հասկանում սահմանամերձ գյուղերի երեխաների անպաշտպանության աստիճանը և յուրաքանչյուրիս գործելու կարևորությունը,- հավելում է Աննա Աստվածատուրյան Թերքոթը,- երեխաների համար անհոգ և լուսավոր ապագայի ստեղծումն այն կարևոր առաքելությունն է, որը պետք է միավորի բոլորիս թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում»։
Նախագիծն իրականացվել է «Փարոս» հիմնադրամի հետ համագործակցությամբ, որը երկու հիմնադրամների միջև համագործակցության արդյունքում իրականացված թվով երկրորդ նախագիծն է։
«Շատ ուրախ եմ, որ համագործակցության արդյունքում մենք համատեղ ուժերով կարողացանք հիմնանորոգել և կարգի բերել հենց սահմանամերձ դպրոցի դահլիճ՝ հնարավորություն տալով երեխաներին այս բեմից ներկայացնելու մեր մշակույթը դեռ ոչ մեկ տասնամյակ»,- նշում է «Փարոս» հիմնադրամի տնօրեն Փարոս Աբաջյանը։
Բացի կոսմետիկ վերանորոգումից, դպրոցի դահլիճը համալրվել է նաև անհրաժեշտ գույքով և դասընթացների կազմակերպման ընթացքում օգտագործվող այլ պարագաներով։
«Դպրոցում անցկացվող բազմաբովանդակ միջոցառումներից ոչ բոլորն էր հնարավոր անցկացնել անբարեկարգ դահլիճում։ «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի, նրա թիմի և «Փարոս» հիմնադրամի ջանքերի շնորհիվ այն բերվել է պատշաճ տեսքի, համալրվել անհրաժեշտ գույքով: Այսուհետ բարեկարգված դահլիճը հնարավորություն կտա դպրոցի մշակութային կյանքի ակտիվացմանը: Լավ պայմաններ կստեղծվեն նաև «Ազգային երգ ու պար» առարկայի դասաժամերի ավելի արդյունավետ կազմակերպման համար»,- նշում է Գ.Սևունցի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Օլյա Բուլբուլյանը։
Աննա Աստվածատուրյան Թերքոթը ամերիկաբնակ հայ գրող, բարերար, իրավաբան, Վեստբրուկ բնակավայրի քաղխորհրդի ընտրված նախագահ, «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի նախագահն է: Աննան նաև «Ոչ մի տեղ․ արտաքսման մի պատմություն» (անգլ.՝ Nowhere, a Story of Exile) ինքնակենսագրական գիրքի հեղինակն է` հիմնված 11 տարեկանում գրված իր օրագրի վրա, որում նա ներկայացնում է Բաքվում հայերի ջարդերից փախչող իր ընտանիքի պատմությունը: 2013 թվականին նա Մենում հաջողությամբ աշխատել է օրենսդիր մարմնի կողմից Արցախի Հանրապետության պաշտոնապես ճանաչման ուղղությամբ: Դրանից ի վեր Աստվածատուրյան Թերքոթը Հայաստանում և Արցախում իրականացրել է բարեգործական մի շարք ծրագրեր: 2020թ. հիմնել է «Աննա Աստվածատուրյան» բարեգործական հիմնադրամը: Հիմադրամի խոշոր նախագծերից է 44-օրյա պատերազմից հետո իրականացված «Արցախյան պատերազմ 2020. կորուստներ, մարտահրավերներ և դիմակայության զարգացման հնարավորություններ» հետազոտությունը: Այժմ «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամը մեկնարկում է «Սեր Արցախ» ծրագիրը, որն ուղղված է Արցախում նորածին երեխաներ ունեցող ընտանիքների աջակցությանը:
PR գործընկեր SPRING PR ընկերություն
info@spring.am , 010 500 561