Ու այսպես էլ ապրում ենք՝ ցավից չխրատված, պատմությունից դասեր չառած, տառապանքն ուժ չդարձրած. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Անասելի ծանր է գրել պատերազմի մասին, կարծես ամեն անգամ վերապրում ես այն, ինչն ամեն կերպ մոռանալ ես ուզում՝ հստակ գիտակցելով, որ չի էլ ստացվելու: Բայց նաև ամեն անգամ գրում ես տղերքից մեկի մասին՝ հույս ունենալով, որ դու էլ իրենց ապրեցնելու ճանապարհին մի փոքրիկ, բայց կարևոր օղակ ես: Ամեն անգամ մտածում ես՝ երանի այս նյութը գրելու առիթ չլիներ: Այս գարշելի ատելության, այս անասելի ցավի, այս սարսափելի անտարբերության մեջ վաղվա օրվա հույսի փարոսը, չխելագարվելու գրավականն իրենք են, իրենց չմոռանալը:
Դեռ դպրոցական տարիներից մի պատմություն եմ հիշում՝ «Դանկոյի սիրտը», տղայի մասին, ով սեփական ձեռքով պատառոտեց իր կուրծքը, այնտեղից հանեց իր սիրտը և անտառի մթության մեջ լուսավորեց իրեն հետևող մարդկանց ճանապարհը: Մեր տղաներից ամեն մեկն այսօր մի լույս է, որոնք իրենց նահատակությունից հետո պետք է լուսավորեին ու դուրս բերեին մեզ արդար ճանապարհի վրա, բայց երբեմն ինքս ինձ բռնացնում եմ այն մտքի վրա՝ իսկ մենք արժանի եղա՞նք իրենց զոհաբերությանը, կյանքի գնով պաշտպանեցին հայրենիքի ամեն մի հողակտորը, իրենց կյանքի, որն այնքան պայծառ պիտի լիներ, կյանքի, որտեղ թողեցին իրենց նպատակներն ու երազանքները, կրթությունը, երեխաներին, ծնողներին ու կանանց, չխոստովանված սերերը: Բայց մենք չգնահատեցինք դա:
Դուք տեսե՞լ եք այս ատելությունը, այս ցնծությունը, երբ մարդ է մահանում, մարդ, որի կարծիքը չենք կիսում, որի հետ համաձայն չենք ու, այո, նաև քննադատում ենք, բայց մարդը մահացել է, իսկ մենք ցնծում ենք: Մենք, որ հազարավոր նահատակների հուղարկավորել ենք, որ հարյուրավորների մարմիններն անգամ չենք գտել, որ տասնյակները թշնամական բանտում են, իսկ մենք ցնծում ենք, ասում՝ լավ է եղել, որ մահացել է: Ու այս մարդիկ են նաև որոշում մեր երկրի վաղվա օրը, մեր երկրի ապագան, նրանք ընտրություն են կատարում, նրանք հպարտ են, չգիտես էլ, թե ինչու, գուցե հայրենիքի փոքրացող չափերով, մեր երկրի ճանապարհներին հայտնված ադրբեջանական հենակետով, Սյունիքում ծածանվող թշնամու դրոշով:
Պաշտոնական թվեր են հրապարակում, թե բուհերում դիմորդների թիվը պակասել է, և այդ պակասը չի էլ լրացվելու, մինչդեռ չեն համարձակվում ասել՝ քանի-քանի տղա այս տարի բանակից վերադառնալուց հետո պիտի բուհ ընդունվեր կամ էլ սկսեր հաճախել համալսարան: Ինչո՞ւ համարձակ չեք, չէ որ հայրենի իշխանությունը, ինչ-ինչ, բայց համարձակություն բոլորին շնորհեց, բայց ինքն այդքան համարձակություն չունի խոստովանելու, որ ամեն ինչ տապալել է ու տանուլ տվել 30-ամյա պետականությունը: Անգամ պետք չի, որ բացատրի՝ դա սեփական տգիտության, թե՞ դիտավորության հետևանք էր, սխալներն ընդունելն ու հեռանալը լավագույն քայլը կլիներ, բայց չի անելու՝ աթոռը թանկ է սեփական պատվից: Իսկ մարդիկ կապրեն արժանապատվության կորստի, պատվազրկության, անվերջ ձգվող տագնապի զգացողությամբ:
Զուգահեռ իրականություններում է ապրում մեր հասարակությունը՝ մի կողմից իրար հայհոյող ու անիծող տղամարդիկ ու կանայք, մյուս կողմից՝ որդու մահվանից ամիսներ անց նորածին որդուն գիրկն առած հայր, ով անդադար համբուրում է տղային ու անվերջ լաց լինում, հետո էլ խոստովանում՝ «սրտիս մի մասը տխուր է, մյուս մասը՝ ուրախ...»: Ու այսպես էլ ապրում ենք՝ մեր ցավից չխրատված, մեր պատմությունից դասեր չառած, մեր տառապանքն ուժ չդարձրած, ուղղակի ապրում ենք՝ հավատալով, որ Աստված մեծ է, մի դուռ կբացվի, կամ էլ փակված դռնից Մհերը դուրս կգա: Բայց վախենամ, թե նրան էլ սկսենք հայհոյել ու մեղադրել՝ ասելով, թե ինչո՞ւ ուշացար:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում