Աշխարհում արդեն 5 մահ է գրանցվել․ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կապիկի ծաղիկի բռնկումը հանրային առողջության արտակարգ իրավիճակ է հայտարարել
SocietyԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կապիկի ծաղիկի բռնկումը հայտարարել է հանրային առողջության արտակարգ իրավիճակ:
Կառույցի ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը պարզաբանել է, որ կապիկի ծաղիկով վարակվելու վտանգը չափավոր է աշխարհի գրեթե բոլոր մասերում, բացի Եվրոպայից․ «ԱՀԿ-ն այս հիվանդությամբ վարակվելու ավելի քան 16 հազար դեպք է գրանցել աշխարհի 75 երկրներում, իսկ վարակվածների շրջանում՝ 5 մահ»։
Մարդու մոտ այս հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է 1970 թվականին՝ Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում: Հիվանդությունը նախկինում արձանագրվում էր Աֆրիկյան երկրներ այցելելուց հետո՝ կենդանիների հետ շփման արդյունքում: Հիվանդության հարուցիչ վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտան և այլն): Վարակումը կենդանիներից տեղի է ունենում կենդանիների (վարակված) արյան, կենսաբանական հեղուկների, ինչպես նաև վնասված մաշկի կամ լորձաթաղանթի հետ անմիջական շփման արդյունքում: