ԱՄՆ-ը պատրաստ է ԼՂ հարցում Մինսկի խումբն օգտագործել որպես հարթակ, բայց չենք լսել ՌԴ արձագանքն այս առաջարկին․ ԱՄՆ դեսպան
International newsՄիացյալ Նահանգները կրկին հայտարարում է, թե պատրաստ է շարունակել աշխատանքը Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ հանուն ղարաբաղյան խնդրի համապարփակ ու խաղաղ կարգավորման։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
«Մենք ասել ենք, որ պատրաստ ենք Մինսկի խումբն օգտագործել որպես հարթակ։ Այդ առաջարկը մնում է բաց։ Մենք չենք լսել ռուս գործընկերների արձագանքն այս առաջարկին։ Բայց կարծում եմ, որ դա է առաջին քայլը, որից հետո մենք կարող ենք խոսել այլ քայլերի և գաղափարների մասին», - ասել է դեսպանը։
«Առաջին քայլը ակնկալում ենք Ռուսաստանից, և դա Ռուսաստանի վերադարձն է այս ձևաչափին իր մասնակցությանը: Մենք շարունակում ենք Մինսկի խումբը դիտարկել որպես ձևաչափ, հարթակ, որն ունի միջազգային մանդատ՝ անդրադառնալու Լեռնային Ղարաբաղի իրավիճակին», - ընդգծել է Լին Թրեյսին:
Արձագանքելով հարցին, թե ինչպես է Նահանգները վերաբերվում Ադրբեջանի նախագահի պնդումներին, թե հակամարտությունն այլևս կարգավորված է, և միջնորդների կարիքը չկա, դեսպան Թրեյսին ընդգծել է՝ չնայած այդ հայտարարություններին՝ Վաշինգտոնը կշարունակի ուղիներ փնտրել Մինսկի խմբի ձևաչափն օգտագործելու համար:
«Չնայած Ռուսաստանի պատերազմին Ուկրաինայի դեմ, որը մեծ ուշադրություն է գրավել աշխարհում, Միացյալ Նահանգները շատ կենտրոնացած է նաև այս տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակի վրա: Կարծում եմ, որ դա արտացոլվել է հեռախոսազանգերի, շփումների մեջ, որոնք մենք տեսել այս վարչակազմի` իշխանություն ստանձնելուց ի վեր։ Դա ցույց է տալիս Միացյալ Նահանգների, պետքարտուղարի հանձնառությունը` փորձել խուսափել հակամարտությունների վերադարձից, քննարկումները պահել ուշադրության կենտրոնում, գրանցել առաջընթաց, և անել դա դիվանագիտական ճանապարհով», - նշել է ԱՄՆ դեսպանը:
Խոսելով տարածաշրջանի մասին՝ դեսպան Թրեյսին մի քանի անգամ հիշատակել է հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը, ընդգծելով, որ այս ուղղությամբ առաջընթացը կարող է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը. «Այս հարցերից շատերը, ի վերջո, փոխկապակցված են, և երբ տեսնում ենք դրական քայլեր մեկ ուղղությամբ, դա կարող է ամրապնդել թափը՝ հասնելու տարածաշրջանում առավել լայն խաղաղության»: