Պլեխանովի անվան համալսարանի բակալավրիատի շրջանավարտներն այսօր ստացան իրենց դիպլոմները (լուսանկարներ)
SocietyԱյսօր՝ հուլիսի 28-ին, Գ.Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում տեղի ունեցավ բակալավրիատի շրջանավարտներին ավարտական դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը:
Շրջանավարտներին ողջունեց, շնորհավորեց ու մաղթանքներ հղեց Գ.Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի հոգաբաձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը:
«Հարգելի′ շրջանավարտներ, ուրախ եմ ողջունել ձեզ այս կարևոր օրվա առթիվ: Մաղթում եմ ամենակարևորը՝ հաջողություններ, հաղթանակներ, առողջություն: Մաղթում եմ նաև, որ մեր բուհում ստացած կրթությունը հիմնաքար լինի ձեր նպատակների իրականացման ճանապարհին և ես վստահ եմ, որ այն աշխարհայացքը, որը ձևավորվել եք այստեղ, կօգնի ձեզ կյանքում հասնել մեծ հաջողությունների:
Շատ կարևոր է նաև, որ ձեր առջև դնեք հավակնոտ նպատակներ. հաճախ հավակնոտությունը քննադատվում է, բայց պետք է ասեմ, որ եթե այն հիմնված է ճիշտ մոտիվացիայի, առողջ ինքնագնահատականի, ինտելեկտի և նպատակների վրա, ապա օգնում է կյանքում հաղթանակներ գրանցելու և բարձունքներ նվաճելու գործում»,-նշեց Վարդանյանը:
Նա ավելացրեց նաև, որ մենք ապրում ենք թվային աշխարհում, ուր փորձ է արվում կառավարել և ուղղորդել նաև մարդկային մտածողությունը ու մանիպուլացնել մարդուն:
«Թույլ մի′ տվեք, որ ձեզ մանիպուլյացիայի ենթարկեն, դուք այնքան գիտելիքներ եք ստացել, որ ինքներդ կարող եք մանիպուլացնել ուրիշներին: Դուք ունեք անսպառ ռեսուրսներ՝ հասնելու ցանկացած բարձունքի: Չգիտես ինչու բոլորին թվում է, թե այն մարդիկ, ովքեր պաշտոններ են զբաղեցնում, ծնվել են պաշտոնյա, բայց դա այդպես չէ: Նրանք եղել են ձեզ նման ուսանողներ և ձգտել ու հասել են նման բարձունքների: Ես ուզում եմ, որ դուք այնքան ուժեղ լինեք, որ ինքներդ որոշեք խաղի կանոնները և թելադրեք դրանք ձեզ շրջապատող մարդկանց, որ որոշ ժամանակ անց մենք լսենք ձեր հաջողությունների մասին ու հպարտանանք ձեզանով: Ամենակարևորը՝ կապը պահեք համալսարանի, ձեր զիլ դասախոսների հետ, ովքեր ոչինչ չեն խնայել ձեզ համար և այսուհետ նույնպես սիրով կուղղորդեն ձեզ, եթե դիմեք նրանց:
Կաշխատեք Հայաստանում, Ռուսաստանում, թե այլ երկրներում, միշտ հիշեք, որ դուք մեր պետության և ժողովրդի լոբբիստներն եք ամբողջ աշխարհում»,-ասաց Վարդանյանը:
Շրջանավարտներին իր ողջույնի խոսքն ու ջերմ բարեմաղթանքներն ուղղեց նաև համալսարանի Տնտեսական գիտությունների ամբիոնի վարիչ Բելլա Գաբրիելյանը.
«Ողջունում եմ բոլորիդ այս նշանակալի օրվա առթիվ, դուք արդեն մեծացել եք և անցնում եք կյանքի նոր փուլ, ձեզանից շատերը կնքել են իրենց աշխատանքային առաջին պայմանագրերը, մյուս մասը որոշել է իր կրթությունը շարունակել մագիստրատուրայում: Ես ուզում եմ, որ այսուհետ դուք ձեր առջև դնեք նպատակներ, հասնեք դրանց և ամենակարևորը՝ հեշտությամբ հաղթահարեք բոլոր այն դժվարությունները, որոնք կհանդիպեն ձեր ճանապարհին, իսկ դա անխուսափելի է: Մաղթում եմ բոլորիդ ամուր առողջություն, հաջողություն և կանաչ ճանապարհ»:
Բուհի դասախոսական և ղեկավար կազմին իրենց շնորհակալական խոսքը հղեցին նաև շրջանավարտները:
«Ուզում ենք շնորհակալություն հայտնել Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի ողջ մանկավարժական կոլեկտիվին և ղեկավար կազմին մեզ այստեղ սովորելու հնարավորություն ընձեռելու, իրենց աշխատանքի և հոգատարության համար, ինչպես նաև այն գիտելիքների ու հմտությունների համար, որ տվել են մեզ: Շնորհակալ ենք, որ, ի դեմս մեզ, պատրաստել եք ոչ միայն լավ մասնագետների, այլ նաև դաստիարակել եք լավ մարդիկ»,-նշեց համալսարանի շրջանավարտ Անի Աղեկյանը:
Նշենք, որ բուհի շրջանավարտներից շատերն արդեն իսկ կնքել են իրենց աշխատանքային առաջին պայմանագրերն այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են՝ «Տաշիր Գրուպ»-ը, ՎՏԲ-Հայաստան բանկը, DGS-Sistems-ը: