Վերջին սադրանքների շարժառիթն Ադրբեջանի կողմից ՀՀ-ին ներկայացվող պահանջների ընդլայնումն է․ Աբրահամյան
InterviewԺամեր առաջ Արցախում, մասնավորապես՝ Բերձորում ադրբեջանական զինուժի նոր ռազմական սադրանքները լուրջ մտահոգություն են առաջացնում․ ցավոք, այս պահին ունենք 2 զոհ, ևս մի քանի վիրավոր։
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանից ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց մեկնաբանություն ստանալ վերջին զարգացումների վերաբերյալ։ Հարցին, թե ո՞րն է այս փուլում հակառակորդի նման գործողությունների շարժառիթը, ընդդիմադիր պատգամավորը նշեց հետևյալը․
«Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ առաջին հերթին իրենց չի գոհացնում Արցախի շուրջ տարվող գործընթացը և նաև Հայաստանի հետ ունեցած պայմանավորվածությունների ընթացքը։ Այս պահին Ադրբեջանի համար ոչ միայն առաջնահերթություն է նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, այլև Ադրբեջանը փորձում է այդ պայմանավորվածությունները յուրովի իրացնել, գումարած դրան` ընդլայնում է Հայաստանին ներկայացվող պահանջները։ Դրանց հասնելու համար այս պահին Ադրբեջանը դիմել է ուժի կիրառմանը և փորձելու է շուտափույթ կերպով հասնել իր առաջադրած օրակարգի իրականացմանը»։
Անդրադառնալով տեղեկություններին, թե բացի զինված հարձակումներից, ադրբեջանական շրջանակները հեռախոսազանգերով փորձում են ահաբեկել արցախահայությանը և թե ինչպե՞ս պետք է հայկական կողմը հակազդի այս ամենին` Աբրահամյանը նկատեց․ «Հակազդելու միակ ճանապարհը օպերատիվ ու օբյեկտիվ տեղեկության տարածումն է․ այսինքն` տեղեկատվական սպասարկում, որը հատուկ է լինում ճգնաժամային իրավիճակներում»։
Այս համատեքստում մեր զրուցակիցը նշեց, որ Հայաստանը կանխարգելիչ քայլեր չի ձեռնարկում և անվտանգության տեսակետից մնում է խոցելի։
Արա Ալոյան