Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի շենքում բռնկված հրդեհը մեծ վնաս է պատճառել, տարհանվածների թիվը հասել է 85-ի
SocietyԵրևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքի վերելակի հորանում բռնկված հրդեհը ժամը 13,41-ին մեկուսացվել է: Ժամը 13։36-ի դրությամբ տարհանվել է 85 քաղաքացի։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին, ժամը 11։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքի վերելակի հորանում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ կան տուժածներ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը:
Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և գազածխապաշտպան ծառայության մեքենան։