Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորում ընդդիմադիր ԶԼՄ-ներին․ Նավասարդյանը նշում է պատճառները
InterviewԳաղտնիք չէ, որ Հայաստանում խնդրահարույց են իշխանության բոլոր ճյուղերը, որոնց մասին պարբերաբար բարձրաձայնում է, այսպես կոչված, չորրորդ իշխանությունը՝ մասմեդիան։ Իսկ հետաքրքիր է, ինչպիսի՞ն է իրավիճակը մեդիաոլորտում ինքնին․ 2018 թ․ հայտնի իրադարձությունները գործող վարչակազմի կողմից մեզ որպես «հեղափոխություն» մատուցվող այս 4 տարիները, այո՛, բառի վատ իմաստով, «հեղափոխական» էին նաև լրագրողական համայնքի համար․ սահմանափակումներ, հետապնդումներ, վիրավորանք, ֆիզիկական ուժի կիրառում և այլն։
«Վերջին 4 տարիների Հայաստանի մեդիա ոլորտի պատմությունը կարելի է բաժանել երկու՝ իրարից տարբերվող փուլերի։ Անմիջապես 2018-ի իշխանափոխությունից հետո հիմնական առանձնահատկությունը այն էր, որ իշխանամետ լրատվամիջոցների սեգմենտը զիջում էր ընդդիմադիր դիրքերից հանդես եկողներին։ Դա պայմանավորված էր նրանով, որ նախկին իշխանության շրջանակաները շարունակում էին տիրապետել մեծ ֆինանսական ռեսուրսների և դրանց էական մասը ծախսում էին քաղաքական պայքարի տեղեկատվական բաղադրիչի վրա»,- գնահատելով նախընթաց տարիները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Երևանի ակումբի նախագահ» Բորիս Նավասարդյանը։
Նրա բնորոշմամբ, իրավիճակը սկսեց փոխվել 2019-ի կեսերից, երբ կառավարող թիմը առերեսվեց անվերապահ քաղաքական առավելության նվազման սպառնալիքի հետ․ համապատասխանաբար, մի քանի ուղղություններով մշակվեցին և նախաձեռնվեցին այնպիսի քայլեր, որոնք միտված էին փոխել ուժերի հարաբերակցությունը լրատվական շուկայում։
«Ընդունվեցին մի շարք ռեպրեսիվ օրենքներ, որոնց կիրառումը թիրախավորում է առաջին հերթին ընդդիմադիր լրատվամիջոցներին և սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերին։ Սահմանափակվել է պետական կառույցների գործունեության մասին տեղեկությունների հասանելիությունը, խրախուսվում է կառավարությանը մոտ կանգնած գործարարների հովանավորչությամբ նոր լրատվամիջոցների հիմնադրումը ու եղած իշխանամետների ֆինանսավորումը։ Արդյունքում, Հայաստանի լրատվական դաշտում այսօր գերակշռում են ներքին քաղաքականությանը վերաբերող իշխանություններին ձեռնտու նառատիվները» ,- շեշտեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է հայաստանյան ԶԼՄ-ների բացթողումներին, «Երևանի մամուլի ակումբի» նախագահն ասաց հետևյալը․
«Հիմնական խնդիրը Հայաստանի մեդիա ոլորտում մնում է քաղաքական բեվեռվածությունը։ Շատ փոքր է այն լրատվամիջոցների սեգմենտը, որոնց նպատակը տեղեկությունների հավասարակշռված տարածումն է և լսարանի մոտ երկրում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին համարժեք պատկերացումների ձևավորումը։ Դրան գումարվել է ցանկացած գնով նյութերի դիտումները շատացնելու ձգտումը։ Քաղաքական ժուռնալիստիկան մեզանում դարձել է շոու-բիզնեսի տարատեսակ»։
Զրուցեց՝ Արա Ալոյանը