«Այս կառավարության համար սոցիալապես խոցելի խավն առաջնային չէ». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2022 թ. երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պարենային 12 ապրանքախմբում գնաճ է գրանցվել: Մասնավորաբար, բանջարեղենի գինն աճել է 48,7 %-ով, հացաբուլկեղենինն ու ձավարեղենինը՝ 17,1 %-ով, մսինը՝ 10,6 %-ով, շաքարավազինը՝ 9,8 %-ով: Ընդ որում, գնաճ է արձանագրվել գյուղատնտեսական արտադրության բոլոր միջոցների և ծառայությունների գծով: Պարարտանյութերի գինը բարձրացել է ավելի քան 70,7 %-ով, սերմացուներինը և տնկիներինը՝ 24,5 %-ով, գյուղատնտեսական ծառայություններինը՝ 23,2 %-ով, թունաքիմիկատներինը՝ 22,4 %-ով, անասնակերինը՝ 21,7 %-ով, մեքենասարքավորումներինը և պահեստամասերինը՝ 20,7 %-ով: Եվ այս ֆոնին իշխանությունները որպես մեծագույն լավություն, աննախադեպ, պատմական իրադարձություն են համարում միջին կենսաթոշակի ու նպաստների 1900 դրամով բարձրացումը:
«Եթե հաշվի առնենք, որ գնաճային ֆոնը տնտեսությունում 2020 թվականի դեկտեմբերից է սկսվել ու որևէ կերպ չի մեղմվում, ապա, բնականաբար, մենք կարող ենք խոսել պերմանենտ գնաճային խնդիրների մասին»,- «Փաստի» հետ զրույցում ասում է ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը՝ հավելելով, որ կառավարությունը նախատեսվող բարձրացումից առնվազն գոնե երկու անգամ ավելի պետք է բարձրացներ կենսաթոշակները, որ թոշակառուներն իրենց վրա գնաճի ազդեցությունը գոնե այդքան սուր չզգան:
Խաչատրյանը նաև նշեց, որ կենսաթոշակներն ու նպաստները համապատասխան չափով բարձրացնելու համար կառավարությունը գումարի խնդիր այս պահին չունի, պարզապես «այս կառավարության համար սոցիալապես խոցելի խավն առաջնային չէ»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում