Աղետի գոտու` պետական և համայնքային հողամասերն ազատվելու են ոչ հիմնական շինություններից. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
Քաղաքաշինության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Աղետի գոտու բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություններից ազատելու կարգը հաստատելու մասին» նախագիծը: Կոմիտեն կարծում է` խնդրի կանոնակարգումը հնարավորություն կտա աղետի գոտու բնակավայրերն ազատել քաղաքաշինական տեսանկյունից ոչ անվտանգ և քաղաքաշինական նորմատիվ պահանջներին չհամապատասխանող օբյեկտներից, անհարիր շինություններից՝ վերականգնելով տվյալ տարածքների քաղաքաշինական միջավայրը:
Եվ այսպես` այս որոշման դրույթները տարածվելու են 1988 թ.-ի երկրաշարժից հետո աղետի գոտու բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում տեղադրված կամ կառուցված բոլոր ոչ հիմնական շինությունների և որպես ոչ հիմնական շինություն համարակալված հիմնական շինությունների վրա՝ անկախ դրանց օգտագործման նշանակությունից (բնակության, առևտրի, կենցաղային և այլ նպատակներով) և պատկանելությունից:
Բնակության նպատակով օգտագործվող ոչ հիմնական շինությունների քանդման և տարածքների ազատման ժամանակ այդ շինություններում բնակվող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման մասով ցուցաբերվելու է պետական աջակցության տարբերակված մոտեցում՝ կախված տվյալ ընտանիքի՝ ոչ հիմնական շինությունում բնակվողի կարգավիճակում հայտնվելու հիմքերից: Պետական աջակցություն ստանալու հավակնող ընտանիքներին նախատեսված աջակցության տրամադրման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները ՀՀ տարեկան պետական բյուջեներում նախատեսվում են համապատասխան մարզպետարանների կողմից Քաղաքաշինության կոմիտե ներկայացված հայտերի հիման վրա:
Կոմիտեն առաջարկում է Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի համայնքների ղեկավարներին ապահովել համայնքների բնակավայրերի տարածքների պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու գործընթացը, իսկ մարզպետները պետք է համակարգեն այդ գործընթացը և կիսամյակային պարբերականությամբ Քաղաքաշինության կոմիտե տեղեկատվություն ներկայացնեն քանդված ոչ հիմնական շինությունների և դրանցից վերաբնակեցված ընտանիքների վերաբերյալ: Այս գործընթացը մեկնարկելու է որոշումն ուժի մեջ մտնելու պահից և ավարտվելու է ոչ ուշ, քան 2027 թ.-ի նոյեմբերի 1-ը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում