«Այն, ինչ կատարվում է այսօր, շարունակական աղետ է»․ «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
«Ցավոք, դժբախտությունն այն է, որ հասարակությունը չի հասկանում, թե ինչ է կատարվում, ընդ որում՝ դա հասարակության վրա բարդելը ճիշտ չէ: Ստեղծում են քաոսային վիճակ, որպեսզի ժողովուրդը չկարողանա հասկանալ, թե ինչ է կատարվում, չի կարողանում հասկանալ՝ ով ում հետ է, ով ումից առանձնացած է, ով ինչ է անում, ինչ է կատարվում: Դա հատուկ է արվում, որպեսզի քաոսային վիճակ լինի, և մարդիկ չգիտակցեն, թե ինչ է կատարվում: Կատարվում է աղետ, սա այլ բառով չի կարելի բացատրել: Չգիտեմ մի իսկական հայի՝ իր ներքին աշխարհով, իր բնույթով, իր գենետիկ կոդով, որին դուր գա այս վիճակը, և հասկանա, թե ինչ է մեզ հետ կատարվում: Սա աղետ է, որ շարունակական է, թե որքան կտևի, ոչ ոք չգիտի: Իհարկե, կան մարդիկ, որոնք գիտեն՝ սա ինչ է, որովհետև հենց իրենք այս քաոսի հեղինակներն են: Մահերն արդեն սովորական բնույթ են կրում, չե՞ք զգում, դե, մահացել է 30 հոգի, 50 հոգի, 100 հոգի, մեր մատղաշ ու երիտասարդ սերունդը. գենոֆոնդի և մնացած ամեն ինչի հետ կապված սարսափելի վիճակում ենք հայտնվելու հետագայում»,«Փաստի» հետ զրույցում ասում է ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը:
Նշում է՝ այս ամեն ինչին մարդկանց սովորեցնում են: «Ամեն ինչ այսպես պիտի լինի, զոհեր ունենանք, դա նորմալ է: Այս քաոսային վիճակը խայտառակ ձևով շարունակվում է, թե սրա վերջն ինչ է լինելու, չեմ կարող ասել»,-նշում է դերասանը:
Հետևյալ օրինակն է բերում՝ երբ անհատի հետ ինչ-որ հարց ունեք, և նա շփոթված է, խառնաշփոթի մեջ, չի հասկանում, թե ինչ է կատարվում, հավատազուրկ է, թույլ, իրեն հեշտ է խոցելը, հարվածելը: «Հիմա այդպիսի վիճակ է ստեղծվում, որ կարողանան հեշտությամբ իրենց արածն անել, այն է՝ ժողովրդին շփոթմունքի մեջ են գցել, թուլացրել, հիասթափեցրել, խեղել: Այս պարագայում ամեն ինչ կարող են անել, դժվար է, երբ հասարակությունն ուժեղ է, հավատով լցված, ոգին՝ պինդ: Հիմա ուղիղ հակառակն է կատարվում»,-փաստում է մեր զրուցակիցը և հավելում՝ այս ցավի, աղետի հետ համակերպվել, այն ընդունել, անհնար է:
«Հաշտվում և նորմալ ենք ընդունո՞ւմ հայրենիքի կորուստը, այսինքն՝ խնդիր չէ՞, որ կարող են մեր հայրենիքից պոկել ու տանել, մի գյուղը վերցնել, հետո մյուսը, մի քանի կիլոմետր առաջ գալ: Ինչպե՞ս, այսինքն՝ այդքան հեշտ է զրկվել տնից-տեղից, տեղահան լինել, սրա հետ համակերպվել անհնար է: Իսկ համախմբում նման քաոսային վիճակում չի կարող լինել: Ուղղակի պետք է լինի այն մարդը՝ առաջնորդը, չգիտեմ էլ, թե որտեղից պետք է նա հայտնվի, որը կկարողանա մեր հավատազրկված, բարոյական նորմերը խախտված, թուլացած հասարակությանը փոխել: Դա պետք է անել կարճ ժամանակում, ժամանակ չունենք, այն աշխատում է մեր թշնամիների օգտին: Կամաց-կամաց առաջ են գալիս, հետո հանգստանում, ստրատեգիա է մշակված: Ժողովուրդն ասում է՝ հրադադար է:
Բայց չեն ասում՝ մեր երկրի մեջ են, կիլոմետրերով առաջացել են: Ասում են՝ այս պահին չեն կրակում, ամեն ինչ նորմալ է: Եվ այսպես հանգիստ են ստանում, հետո նորից սկսում, այսպես կգան ու կհասնեն Ազատության հրապարակ: Այն մարդիկ, որոնց թվում է, թե իրենք պաշտպանված են, ինչ-որ բոնուս ունեն, սխալվում են: Բոլորի տներն է գալու այս աղետը՝ տարբեր կերպ ու ձևերով: Այս ամենը բոլորին է դիպչում: Այսօր ինչ-որ տեղ սրճարանում մարդիկ նստում են և մտածում, որ այս ամենն իրենց չի՞ դիպչում: Բայց մենք հայերիս լավ գիտենք, երբ քո տան տարածքից, ասենք, մի 10 սմ հարևանն ուզում է վերցնել, պատերազմներ են սկսում մարդիկ: Բայց այս դեպքում, երբ հայրենիքից են կիլոմետրեր վերցնում, նույն մարդիկ անտարբեր են՝ դա ինձ չի վերաբերում, դա ինձ չի դիպչում՝ մինչև չգան իրենց դուռը: Սա ողբերգություն է, որը սարքված է, հատուկ արված, այն հեղինակներ ունի, կան մարդիկ, որոնք հատուկ ամեն ինչ հասցրել են սրան՝ լավ հասկանալով, որ իրենց ծրագրերը միայն այս վիճակում կարող են հանգիստ իրականացնել և իրականացնում են»,եզրափակում է Տիգրան Ներսիսյանը:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում