19-ամյա Տիգրան Բաբիկյանը նռնակով պայթեցրել է իրեն գերի չընկնելու համար (լուսանկարներ)
SocietyՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն ադրբեջանական հարձակման հետեւանքով զոհվել է 19-ամյա պարտադիր ժամկետային զինծառայող Տիգրան Բաբիկյանը։
19-ամյա Տիգրան Բաբիկյանն Արագածոտնի մարզի Կարբի գյուղից էր։ Բանակ էր զորակոչվել է 2021 թվականի ամռանը։ Սկզբում ծառայել է Վանաձորում, ապա տեղափոխվել Ջերմուկ։
«Տիգրանը վերջին անգամ հորեղբոր որդու հետ է խոսել՝ կեսգիշերին։ Ասել, որ հեռախոսն անջատում է, ու դրանից հետո այլեւս չի ստացվել հետը կապվել։ Մենք հարեւան դիրքի դիտարկողից իմացել ենք, որ իրենց դիրք ադրբեջանցիների են մտել։ Մենք էլ իր ստացած վնասվածքներից ենթադրում ենք, որ պայթեցրել է նռնակով գերի չընկնելու համար։ Մեր տեղեկություններով սեպտեմբերի 13-ի լուսադեմին է զոհվել»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Կարբի համայնքի ղեկավար Ռոլանդ Հակոբյանը։
Համայնքի ղեկավարը հիշում է՝ Տիգրանը բարի էր, ժպտադեմ ու դաստիարակված։ Սիրողական մակարդակում զբաղվում էր բռնցքամարտով։ Ընտանիքի միակ որդին էր, ուներ երեք քույր։
Տիգրանը եղել է սեպտեմբերի 20-ին Ադրեբեջանի կողմից Հայաստանին փոխանցված 95 զոհված զինծառայողների թվում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։
Վերջին տվյալով՝ զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, գերեվարվել է 20 զինծառայող։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հոկտեմբերի 4–ին, ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերու։