Առավոտյան ժամը 5-ից դիրքի հետ կապն ընդհատվել էր. մեզ ոչինչ չէին ասում, բայց հասկանալի էր, որ դիրքից ոչ ոք ողջ չի մնացել. Կարեն Սայադյանի ազգական
SocietyՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած վերջին ռազմական ագրեսիայի առաջին ժամերին Ջերմուկի N դիրքի անձնակազմի հետ կապը կտրվել էր: Թե ինչ է կատարվել այդ մի քանի ժամվա ընթացքում, ոչ ոք տեղյակ չէ: Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց նույն դիրքում զոհված Կարեն Սայադյանի ազգականը՝ Գարիկ Ազիզյանը:
«Սեպտեմբերի 12-ի՝ լույս 13-ի առավոտյան՝ ժամը 5-ին դիրքի հետ կապն ընդհատվել է: Մեզ ոչ ոք ոչինչ չի ասում, թե ինչ է կատարվել այնտեղ: Երբ հաղորդվեց, որ երկու զոհ ունենք Ջերմուկում, անմիջապես գնացինք այնտեղ: Ջերմուկի խաչմերուկում ահագին մարդ էր հավաքվել՝ զինծառայողների հարազատներ հիմնականում: Այդ օրը ոչինչ չկարողացանք պարզել: Հաջորդ օրը որդիս գնաց ՊՆ-ն և այնտեղից տեղեկացավ, որ Կարենը զոհվել է: Իմ հասկանալով՝ ՊՆ-ն արդեն տեղյակ էր ամեն ինչից, գիտեր, որ այդ դիրքերում ոչ ոք ողջ չի մնացել, դրա համար սկզբում ասացին զոհվել են, հետո թե՝ համարվում են անհետ կորած»,-պատմում է Գարիկը:
Կարենի զոհվելու լուրը հարազատները ստացել են սեպտեմբերի 29-ին: 20-ամյա ժամկետային զինծառայողի մարմինն այն 95 զոհված զինծառայողների դիերի մեջ էր, որոնք սեպտեմբերի 20-ին Կարմիր Խաչի միջնորդությամբ վերադարձվել են հայկական կողմին:
Ամսի 22-ին ծնողներին մի կերպ համոզել եմ, որ գնան ԴՆԹ հանձնեն: Մեզ սացին, որ 3-4 օրվա ընթացքում պատասխանը գալիս է: Որ այդ ընթացքում չեկավ, ուրախացել էինք: Մեկ էլ ամսի 29-ին զանգեցին հորը, թե նույնականացվել է...95 մարմինների մեջ էր նաև Կարենի մարմինը...»,-պատմում է Գարիկը:
Կարենի հետ վերջին անգամ խոսել է մայրը՝ ամսի 12-ի ցերեկը: Ինչպես միշտ, այդ անգամ էլ Կարենը ծառայության, առկա լարվածության հետ կապված ոչինչ չէր ասել:
«Ինքը շատ գաղտնապահ տղա էր: Անգամ Վանաձորում ծառայելու ընթացքում բարեխիղճ ծառայության համար պարգևատրվել էր պատվոգրով, ընդ որում՝ զորամասից երեք հոգի էին ընդամենը պարգևատրվել, բայց այդ մասին ոչ ոքի չէր ասել: Առհասարակ, որևէ բան չէր ասում ծառայության հետ կապված, անգամ, չգիտեինք՝ ինչ վաշտում էր, որ դիրքում: Հետո ենք իմացել»,-հիշում է ազգականը:
Կարենը Արմավիրի մարզի Գայ գյուղից էր. տան ավագն էր ու միակ որդին. բանակ զորակոչվել էր 2021թ.-ին, մի քանի ամիս Վանաձորում ծառայելուց հետո տեղափոխվել է Ջերմուկ:
Օգոստոսի 10-ին երեք օրով տուն էր գնացել Կարենը: 14-ին նրա ծննդյան օրն էր, բայց քանի որ հաջորդ օրը պետք է բարձրանար դիրքեր, հետ է գնացել.
«Ասացինք՝ ի՞նչ կլինի՝ մնա էլի, ծնունդդ կնշենք, կգնաս էլի, ու հնարավորություն կար, որ մնար, բայց ինքն ասաց՝ չէ, դիրքեր պիտի բարձրանանք. տղաների հետ այնտեղ էլ կնշենք: Ասաց ու գնաց...»:
Օգոստոսի 15-ին ընկերների հետ վերջին անգամ դիրքեր բարձրացած Կարեն Սայադյանը նրանց հետ միասին էլ անմահացել է: Տղաները հերոսաբար մարտնչել են մինչև վերջին փամփուշտը...