«Հովհաննես Հովհաննիսյան և Ալեքսանդր Սպենդիարյան. ոգեղեն կապեր»
CultureՀոկտեմբերի 13-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Հովհաննես Հովհաննիսյան և Ալեքսանդր Սպենդիարյան. ոգեղեն կապեր» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր կոմպոզիտորի և հայ նորագույն շրջանի պոեզիայի հիմնադիր բանաստեղծի ստեղծագործական առնչություններին և բարեկամությանը: Միջոցառմանը բացման խոսքով ելույթ ունեցավ Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը: Ցերեկույթի բանախոսը Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի գիտաշխատող Սիրարփի Ենգիբարյանն էր: Միջոցառմանը Հովհաննես Հովհաննիսյանի բանաստեղծություններն ասմունքեց Երևանի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանող Գագիկ Խաչատրյանը: Ալեքսանդր Սպենդիարյանի, Բարսեղ Կանաչյանի և Կոմիտասի երկերից կատարեցին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Նարինե Անանիկյանը, նույն թատրոնի «Երիտասարդական օպերային ծրագրի» մենակատար Աննա Բեգլարյանը՝ Կատարինե Հովսեփյանի նվագակցությամբ: Ցերեկույթի եզրափակիչ մասում Հովհաննիսյանների ընտանիքի մասին ուշագրավ հուշերով կիսվեց ճարտարապետ Անուշ Տեր-Մինասյանը: Ցերեկույթն ամփոփեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը: Միջոցառումը եզրափակվեց Ալեքսանդր Սպենդիարյանի և Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանների՝ փոխադարձ նվերների հանձնման արարողությամբ և համագործակցության նոր ծրագրերի մասին պայմանավորվածությամբ:
Լուսանկարները՝ Երևանի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողներ Էլեն Աբրամովայի և Մարգարիտա Աթոյանի