«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կառավարումը կիրականացնի առողջապահության նախարարությունը․ «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել Կառավարության 2018 թ.-ի մարտի 1-ի N 204-Ն որոշման մեջ: Առաջարկվող նախագծով նախատեսվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին ճանաչել ՀՀ առողջապահության նախարարությանը: Նշվում է, որ կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որն իր գործունեությունը սկսել է 2019 թ.-ի սեպտեմբերից: ՊՈԱԿ-ի տրամադրած բժշկական օգնությունն ու սպասարկումը բոլոր ՔԿՀ-ներում հասանելի է 24/7 ռեժիմով:
ՊՈԱԿ-ի բոլոր ստորաբաժանումները հագեցած են առնվազն մեկ ընդհանուր պրակտիկայի բժիշկներով, բոլոր ստորաբաժանումներում կա ատամնաբույժ: ՀՀ արդարադատության նախարարության, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի և Առողջապահության նախարարության համագործակցության արդյունքում էապես փոխվել է ազատազրկված անձանց մասնագիտական բժշկական օգնություն ցուցաբերելու որակը: Նշված համագործակցության արդյունքում բարելավվել է բժշկական ծառայությունների մատուցման որակը, էականորեն կրճատվել է բժշկական օգնության մատուցման ժամանակահատվածը, այդ թվում՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական սպասարկման ուղեգրերով:
Նախկինում այն կատարվում էր 1-2 ամսում, իսկ ներկայում կազմակերպվում է 1 օրում: Նախարարությունը փաստում է, որ 2019 թ.-ից սկսած շոշափելի քայլեր են ձեռնարկվել բանտային բժշկությունն ազգային առողջապահական համակարգին մոտեցնելու և ինտեգրման գործնական հնարավորությունները մեծացնելու ուղղությամբ: Բայց ՊՈԱԿ-ի գործունեության և զարգացման այս փուլում ազգային առողջապահական համակարգ ամբողջական ինտեգրման ապահովումը հնարավոր է վերջինիս ՀՀ առողջապահության նախարարության կառավարման ներքո տեղափոխելու միջոցով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում