Ռեկորդային մուտքեր․ 12 տոկոս միայն ԶՊՄԿ-ից
Economics2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է 1 տրիլիոն 82 միլիարդ դրամ: Այդ գումարից 129,2 միլիարդ դրամը վճարել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որն էլ շարունակում է գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կոմբինատը եռապատկել է իր վճարած հարկերը, իսկ հազար խոշոր հարկատուների վճարած բոլոր հարկերի 12 տոկոսն է ապահովել ԶՊՄԿ-ն։
Ծանր վիճակում գտնվող Հայաստանի տնտեսության համար ԶՊՄԿ-ի վճարած հարկերը պարզապես փրկության դուռ են, իսկ այդ գումարի մուլտիպլիկատիվ էֆեկտը բարդ է թերագնահատել։ Վճարված հարկերն են, որ զենք ու թոշակ են դառնում, ապահովում հանրապետության պաշտպանունակությունը, սոցիալական և այլ խնդիրների լուծումը։ Խոշոր հարկեր վճարել են այլ ընկերություններ ևս, սակայն նրանց վճարած հարկերի չափը նույնիսկ համադրելի չեն ԶՊՄԿ-ի վճարածի հետ։
Օրինակ, երկրորդ տեղում գտնվող «Գազպրոմ Արմենիան» 9 ամսում վճարել է 41,8 մլրդ դրամ հարկ։
Ընդհանուր առմամբ, պատկան մարմինները հարկերի վճարման ծավալների աճ են գրանցել, ինչը դրական ազդեցություն է ունենալու Հայաստանի տնտեսության հետագա զարգացման համար։
Փաստ է, որ միայն հարկերի ավելացմամբ կամ հավաքագրմամբ անհնար է լիովին զարգացնել տնտեսությունը, դրա համար այլ գործոններ էլ անհրաժեշտ են, սակայն ԶՊՄԿ-ի և այլ ընկերությունների վճարած հակերի ծավալը հույս է ներշնչում, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ։
Արփի Մամյան