Թշնամուն ի պատասխան. Ավետիք Չալաբյան
AnalysisՊետք է ցավով արձանագրել, որ անցած երկու տարիները իսկապես մեզ համար նոր կորուստների շրջան էին,- ֆեյսբուքյան իր էջում գրում է «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։
Նրա խոսքով, այն դեպքում, երբ թշնամին ատամները սրած, նոր զորամասեր էր կառուցում, նոր սպառազինություններ էր գնում, նոր մարտական ստորաբաժանումներ պատրաստում, և ամեն հարմար առիթի դեպքում ավելի էր մխրճվում էր մեր տարածքը, մեր երկրի ղեկավարությունը շարունակաբար բարբաջում էր «խաղաղության» դարաշրջանից, կեղծ խոստումներով կերակրելով ժողովրդին, շարունակում էր երկրի ներսում ատելություն բորբոքել և իրենից դուրս մեղավորներ փնտրել, և փաստացի ոչ մի բան չէր անում՝ դիմագրավելու և սաստելու թշնամուն:
«Այս ամենն էր, որ բերեց սեպտեմբերի 13-ի նոր հարձակմանը Հայաստանի վրա, որն աննախադեպ էր իր մասշտաբներով և կորուստների ծավալներով: Եվ թերևս միայն այս լկտի և դաժան հարձակումն էր, որն արթնացրեց մեր հասարակության գոնե գիտակից մասին, հիշեցնելով, որ պատերազմը չի ավարտվել, իսկ այն կարող է ավարտվել, միայն երբ կողմերի միջև նորից ուժային հավասարակշռություն է հաստատվել, երբ կողմերից մեկը այլևս չի կարող անպատիժ սպառնալ մյուսին, երբ ցանկացած սադրանք համարժեք պատասխան է ստանում, և ագրեսորը այլևս հնարավորություն չունի իր կամքը պարտադրել»,- գրել է Չալաբյանը:
Նրա խոսքով, այսօր եկել է այն ժամանակը, երբ մենք պետք է ատամներս սեղմած ու թևերս քշտած, վերականգնենք այդ ուժային հավասարակշռությունը: «Վերջ տանք ատելության քարոզին և վհուկների որսին, համախմբենք աշխարհով մեկ հայության ցփնված հսկայական ռեսուրսը, ամենուրեք կոշտ հակազդենք թշնամու «խավիարային» քարոզչությանը, նոր դաշնակիցներ և գործընկերներ ձեռք բերենք, նոր սպառազինություն արտադրենք և գնենք, նոր տաղանդավոր և խիզախ երիտասարդ սպաներ ներգրավենք մեր բանակ, նոր պաշտպանական ամրություններ կառուցենք ողջ սահմանի երկայնքով, պաշտպանելու մեր զինվորներին, և կրթենք ու զարգացնենք նրանց՝ դարձնելու 21-րդ դարի արդիական ռազմիկներ»,- արձանագրել է հասարակական-քաղաքական գործիչն ու հավելել. «Այս ամենը իրատեսական է և հնարավոր, և եթե մենք դա անենք, այլոց մոտ էլ կվերականգնենք հարգանքը մեր նկատմամբ, թշնամուն էլ կստիպենք (գուցե նույնիսկ առանց կրակոց) հետ նահանջել մեր հողից, Արցախը կպահենք հայկական, և ի վերջո, մի գեղեցիկ օր, հետ կվերադարձնենք նաև մեր Շուշին»:
Լինա Արամյան