Երբ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը մեր օրակարգի հետ չառնչվող հարցերում գրացվելու և քվեարկելու վերաբերյալ ունենա իր որոշումը, խմբակցության մեր գործընկերները, ինչպես նաև հանրությունը պատշաճ կերպով կիրազեկվեն
InterviewՀարցազրույց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ելենա Կիրակոսյանի հետ:
- Տիկին Կիրակոսյան, «Հայաստան» խմբակցությունը, այնուամենայնիվ, որոշեց վերադառնալ Ազգային ժողով: Սակայն Դուք Ազգային ժողովում չէիք: Ինչո՞վ է դա պայմանավորված:
- Նախ՝ հարցի առաջին մասի հետ կապված: Կարծում եմ՝ ձևակերպումն այդքան էլ կոռեկտ չէ: Երբ խոսում եք վերադարձի մասին, տպավորություն է ստեղծվում, որ մենք Ազգային ժողովի աշխատանքներին ընդհանրապես չէինք մասնակցում, և հիմա վերադառնալ-չվերադառնալու հարց է առաջացել: Այնինչ, դեռ սեպտեմբերին խմբակցությունը որոշում էր կայացրել մասնակցել Ազգային ժողովի աշխատանքներին մեր օրակարգով, օգտագործել այն գործիքակազմը, որն իր նպաստն է բերում պայքարին և հայտարարված նպատակներին: Հետևաբար, հարցն ավելի շատ վերաբերում է գրանցվելուն և քվեարկելուն: Այս կապակցությամբ խմբակցության ներսում քննարկումներ են եղել: «Վերածնվող Հայաստան» կուսակցության ներսում, սակայն, քննարկումներն այս թեմայով դեռ շարունակվում են, խմբակցությունում մեր գործընկերներն այս մասին տեղեկացված են: Երբ կուսակցությունը մեր օրակարգի հետ չառնչվող հարցերում գրանցվելու և քվեարկելու վերաբերյալ ունենա իր որոշումը, խմբակցության մեր գործընկերները, ինչպես նաև հանրությունը պատշաճ կերպով կիրազեկվեն:
- Կուսակցությունը չունի վերջնական որոշում այս հարցի հետ կապված, սակայն Ազգային ժողովում քվեարկությանը մասնակցում են նաև «Վերածնվող Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները: Ինչպե՞ս կբացատրեք սա:
- Ազգային փոքրամասնություններին հատկացված քվոտայով պատգամավոր Զեմֆիրա Միրզոևայի հարցում մենք որոշակի վերապահումներ ունենք: Ասորական համայնքը ներկայացնող տիկին Միրզոևան մշտապես հետամուտ է եղել ասորական համայնքի և ընդհանրապես ազգային բոլոր փոքրամասնությունների խնդիրների վերհանմանը, դրանց լուծում տալու հարցում ցուցաբերել է հետևողականություն: Ուստի, մենք՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության բոլոր ներկայացուցիչներս, հորդորել ենք տիկին Միրզոևային մասնակցել Ազգային ժողովի աշխատանքներին ողջ ծավալով, որպեսզի համայնքին ուղղակի կամ անուղղակի առնչվող որևէ հարց անուշադրության չմատնվի: Սա տարբերակված մոտեցում է՝ վերաբերող կոնկրետ անձի և կոնկրետ առաքելության:
- Սակայն Ազգային ժողովի աշխատանքներին մասնակցում են նաև Աննա Գրիգորյանը և Արթուր Սարգսյանը:
- Այո՛, մասնակցել են, սակայն տեղեկացնեմ, որ արդեն մեկ ամսից ավելի է՝ Աննա Գրիգորյանը և Արթուր Սարգսյանը «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ չեն:
- Այսինքն՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ լայն իմաստով «Վերածնվող Հայաստան» կուսակցության ծրագրերը չեն փոխվել:
- Միանշանակ, կարծում եմ՝ մենք մեր գործողություններով հանրությանը որևէ կերպ դրանում կասկածելու տեղիք չենք տվել: