Կոմիտասի շունչը Ազգային պատկերասրահում
CultureԱզգային պատկերասրահում բացվեց «Սարգիս Մուրադյան․Իմ Կոմիտասը » ցուցահանդեսը ,որը նվիրված էր նկարչի ծննդյան 95-ամյակին
Պատկերասրահը ընդգրկում էր ՝Կոմիտասին նվիրված կտավների և դրանց էսքիզների համահավաք ցուցադրությունը,որոնք ոչ միայն բեկումնային են եղել հեղինակի համար, այլև մնայուն հետք են թողել հայկական գեղանկարչության պատմության մեջ։
Հիշեցնենք, որ Սարգիս Մուրադյանը (1927–2007) 20-րդ դարի երկրորդ կեսի հայկական գեղանկարչության նշանավոր ներկայացուցիչներից է: Նրա արվեստը նոր խոսք էր, թարմ շունչ, ազգային ակունքների վերարժևորման փորձ:
Նկարչի ստեղծագործական վաղ շրջանը համընկել է 1950–60-ական թթ. ազգային զարթոնքի հետ, որը նոր լիցքեր է հաղորդել նրան: Այդ տարիներին Մուրադյանն առաջիններից մեկն էր, որ անդրադարձավ հայ ժողովրդի պատմական անցյալին և Մեծ Եղեռնին: Այդ նպատակով Ազգային թեման իր արտացոլումն է գտել Կոմիտասի կերպարի մեջ՝որպես ամբողջ հայ մտավորականության հավաքական կերպարի ։
Հավելենք որ Ավագ սերնդի գեղանկարիչներից շատերն են պատկերել Կոմիտասին, բայց առաջին անգամ Ս. Մուրադյանի «Կոմիտաս. Վերջին գիշեր» (1956) կտավում է մեծ երգահանի անձը դիտարկվում ցեղասպանության համատեքստում: Շրջադարձային այս գործը կարելի է համարել նկարչի ստեղծագործական ճանապարհի մեկնակետ. այն մեծ ճանաչում բերեց նրան, դարձավ խորհրդահայ արվեստի այցեքարտը և Ազգային պատկերասրահի գոհարներից մեկը:
Իր ողջ կյանքի ընթացքում Սարգիս Մուրադյանը պարբերաբար անդրադարձել է Կոմիտասին այլաբանական և պայմանական մտածողությամբ, ամփոփ և ընդհանրացված ձևով պատկերել է նրան, վավերագրել ժամանակի շունչն ու ոգին՝ առանց պատմողականության ու նկարագրողականության։
Այս ցուցադրության համադրողը գրականագետ Մարգարիտա Խաչատրյանն էր ։
Ցուցահանդեսում ներկայացված է նաև «Խոսող կտավներ» ներառական նախագծում տեղ գտած «Կոմիտաս. Վերջին գիշեր» կտավի շոշափելի կրկնօրինակը՝ տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար: