Աշոտյանի ելքը երկրից արգելվել է կամայականորեն, հեռախոսային իրավունքի ուժով, բացահայտ արհամարհելով Սահմանադրությունն ու օրենքները. Տիգրան Աթանեսյան
SocietyՏիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սույն թվականի նոյեմբերի 16-ին Արմեն Աշոտյանի ելքը ՀՀ-ից ապօրինաբար սահմանափակելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացվել էր հաղորդում հանցագործության մասին: Հաղորդումը գլխավոր դատախազության կողմից վերահասցեագրվել էր ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին:
Նոյեմբերի 28-ին հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը մերժել է քրեական վարույթը նախաձեռնելը, պատճառաբանելով, որ ՀՀ քրեական օրենսգրքում չկա հոդված, որին կհամապատասխաներ հաղորդման մեջ նկարագրված դեպքը: Այսինքն՝ մարդուն առանց որևէ օրինական հիմքի ՀՀ տարածքից դուրս գալն արգելելը, ըստ քննիչի, որևէ հանցագործության հատկանիշ չի պարունակում:
Նման պատասխան ես ակնկալում էի ամենասկզբից և նման մոտեցումը՝ քրեական վարույթ առհասարակ չնախաձեռնելը, միայն հստակ մատնացույց է անում այն, որ Ա.Աշոտյանի ելքը երկրից արգելվել է կամայականորեն, հեռախոսային իրավունքի ուժով, բացահայտ արհամարհելով Սահմանադրությունն ու օրենքները: Քննիչի որոշումն արդեն բողոքարկվել է գլխավոր դատախազին, սպասենք հերթական մերժմանը և կդիմենք դատարան: