Գագիկ Ծառուկյանի շնորհիվ «օղակների արքան» վայելում է իր փառքի հավերժացումը
AnalysisԼոռվա փոքրիկ դարբնոցի վարպետի օգնականից մինչև օլիմպիական բազմակի չեմպիոն, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն «օղակների արքան» վայելեց իր կիսանդրու բացումը, հուզվեց ու հուզեց բոլորին: Տպավորված էր:
Լեգենդար մարմնամարզիկի համար սա մեծ իրողություն էր: Շնորհակալ էր բոլոր այն մարդկանց, որոնք իրականացրել էին այս նախաձեռնությունը` նշելով, որ մշտապես զգացել է նրանց սերն ու հարգանքը:
Իր համար կարևոր և նշանակալի այս իրադարձությունը 93-ամյա մարմնամարզիկը վայելում է կենդանության օրոք:
Քչերին է բախտ վիճակվել ներկա գտնվել իր արձանի բացմանը, որը կյանքի է կոչվել բարերար Գագիկ Ծառուկյանի շնորհիվ: Նրա հովանավորությամբ պատրաստված ու տեղադրված արձանը կենդանի լեգենդը կվայելի ամեն օր:
Բարերարը խոստացել էր, որ 20-րդ դարի մեծագույն հայ մարզիկն անպայման տեսնելու ու վայելելու է իր փառքի հավերժացումը։ Անգամ նշել էր, որ եթե Ազարյանի սրտով չլինի, նորը պետք է պատվիրի:
Գագիկ Ծառուկյանի կարծիքով այս կիսանդրին պետք է 10 տարով երկարացնի Ազարյանի կյանքը, որ նա ներկա գտնվի նաև նոր դպրոցի կառուցման ու նոր արձանի բացմանը, որ խոստացել է իրականացնել առաջիկայում:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը կարևորում է մեր լեգենդների, մեր ազգի պատիվը բարձր պահած անձանց մեծարումը հենց կենդանության օրոք:
Ալբերտ Ազարյանի բրոնզաձույլ կիսանդրու հեղինակը քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ Գերասիմ Շահվերդյանն է: Քանդակի վրա աշխատել է 1-2 տարի, բայց այն կառուցելու առաջարկը Գագիկ Ծառուկյանից ստացել էր դեռևս 2013 թ.:
Արձանը կերտել է այն նկարից, որում Ազարյանը երրորդ անգամ է օլիմպիական ոսկի նվաճել: Բրոնզե կիսանդրին տեղադրվել է Երևանում` Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում: Ալբերտ Ազարյանի կիսանդրու տեղադրման մասին որոշումը Երևանի ավագանին կայացրել է 2021 թվականի հոկտեմբերին։
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահի հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին, որին ներկա են եղել Ալբերտ Ազարյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԿԳՄՍ նախարարը, Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, պատգամավորներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ և մարզական դպրոցի սաներ։
Նոննա Բարսեղյան