Ռուբեն Վարդանյանը ցավոտ փոփոխություններ է խոստանում էլիտային
Analysis«Արցախում մի շերտ մարդիկ, որոնք ունևոր են և ժամանակին տարբեր հարաբերություններ են ունեցել կառավարության հետ, արդեն զգացել են, թե ինչ է փոխվել Արցախում»։ Այս արձանագրումը Արցախի պետական հեռուստաընկերության հետ զրույցում արել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ խոսելով իր շուրջ 40 օրյա պաշտոնավարման մասին։
Ըստ Վարդանյանի՝ իր նշանակումից հետո մտցրել են հստակ և կտրուկ պայմաններ՝ շեշտելով, որ Կառավարության և Արցախում ազդեցություն ունեցող անձանց հարաբերությունները լինելու են թափանցիկ և հանրության համար տեսանելի։ Կառավարման մոդելի վերանայումը, որ իրականացնում է Ռուբեն Վարդանյանի գլխավորած կառավարությունը, նպատակ ունի հետ բերելու հասարակության հավատը կառավարության հանդեպ։ «Ճգնաժամի ժամանակ, եթե չկա հավատ իշխանության հանդեպ, ոչինչ չես կարող անել»,- արձանագրում է Արցախի պետնախարարը։
Փաստենք, որ առաջին անգամ է, որ թե՛ Հայաստանում, և թե՛ Արցախում իշխանությունը կառավարման մոդելի լրջագույն փոփոխություն է իրականացնում՝ արձանագրելով, որ դրանք բավականին ցավոտ է լինելու։
«Փոփոխություններն անխուսափելի են, դրանք լինելու են ցավալի առաջին հերթին էլիտայի համար»,- շեշտում է Ռուբեն Վարդանյանը, նրա խոսքով՝ ստեղծված միջավայրը ստեղծել է հիվանդ իրավիճակ, որտեղ ավելի ունևորներն ավելի են օգտվում, քան հասարակ մարդիկ, մինչդեռ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը պահանջում է ուժերի գերլարում, ինչպես նաև վստահության տոտալ վերականգնում, այլապես Արցախի գոյությունը վտանգի առաջ կլինի։
Պետնախարարը նշում է, թե իրենք չեն նայելու, թե ով ում բարեկամն է և բոլոր իրենց հարաբերություններում առաջնորդվելու են բացառապես նոր կառավարման մոդելներով և ծրագրերով։
Վստահեցնում են, որ անձնական բան չի լինելու, կառավարությունը դեռևս չի ձևավոևվել ըստ Վարդանյանի, որովհետև առաջին հերթին հստակեցնում են նպատակները, դրանից հետո հաստատելու են մոտեցումները, թե ինչպես են տեսնում Արցախի զարգացման հնարավորությունները, ավելին, ըստ պետնախարարի նոր կառավարության կազմում կարող են լինել ինչպես հին նախարարներ, այնպես էլ նոր մարդիկ, որոնք փող չունեն, բայց կգան և զինվորի պես կկառուցեն Արցախը։
Պետնախարարը չի հերքել, որ Արցախի կառավարության կազմում կարող է լինեն մարդիկ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից, կարևորը ոչ թե նրանց տեղային ծագումն է, այլ հմտությունները, կառավարչական մոտեցումները, ինչպես նաև անհագուրդ ցանկությունը ամեն գնով օգտակար լինել Արցախին և կարողանալ փոխել իրավիճակը։ «Ունենք իրավիճակ, որ պետք է զգաստ լինենք»,- նշել է պետնախարարը։
Խոսելով անվտանգային խնդիրների մասին՝ նա ընդգծել է, որ միակ ճանապարհը տեսնում են Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, բայց միաժամանակ Ադրբեջանի իշխանությունները պետք է ընդունեն, որ Արցախն Ադրբեջանից անկախ պետություն է լինելու և գտնեն իրար կողք կողքի, բայց առանձին ապրելու բանաձևը։
Մանե Մսրյան