Ռուբեն Վարդանյանի նշանակումից հետո արցախցին զգում է պետության աջակցությունը
Analysis44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը գրեթե ոչ մի օր չի դադարեցրել իր սադրանքները Հայաստանի դեմ, որոնք ուղեկցվել են թե՛ սահմանին կրակոցներով և մեր զինվորների սպանություններով, թե՛ Հայաստանի ու Արցախի տարածքից կտոր առ կտոր տարածքներ խլելով, թե՛ Արցախի բնակչության կյանքը դժոխքի վերածելու գործողություններով։
Թերևս ամենածանր գործողություններից մեկը Լաչինի կյանքի ճանապարհի փակումն է, որն արդեն 6-րդ օրն է լրջագույն խնդիրներ է հարուցել Արցախի 120 հազար բնակչության համար։ 6 օր շարունակ մեր հայրենակիցները կտրվել են արտաքին աշխարհի հետ կապից, խնդիրներ ունեն թե՛ էներգակիրների, թե՛ դեղամիջոցների, թե՛ սննդի առաքումների հետ։ Միևնույն ժամանակ, փաստենք, առաջին անգամն է, որ ոչ միայն զոհեր ու վիրավորներ չկան, տարածքներ չենք կորցնում, այլ նաև չկա խուճապ Արցախի, մասամբ նաև՝ Հայաստանի բնակչության շրջանում։
Պատճառները կարելի է բազմաթիվ վկայաբերել, նշել, թե որն է այն դրական իրավիճակը, որը թույլ է տալիս նման կարծիք կազմել։
Բանն այն է, որ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը կարողացել է շատ կարճ ժամանակում տիրապետել իրավիճակին, հասկանալ թե ինչ է կատարվում Արցախում, ինչպես նաև բավականին մեծ վստահություն է ձեռք բերել Արցախի բնակչության շրջանում, ուստի և ադրբեջանական ընթացող սադրանքը, որն ուղղված է ոչ միայն Արցախի և Հայաստանի բնակչության դեմ, այլ նաև պետնախարարի դեմ, այդպես էլ իր ցանկալի արդյունքները չի տալիս։
Վարդանյանը բավականին լուրջ և կշռադատված քաղաքականություն է վարում, հստակ հայտարարում է, որ զիջումների չի գնալու, ոչ էլ ավելորդ մեծամտություն է ցուցաբերում գործընկերների, Հայաստանի իշխանությունների, Ռուսաստանի, նույնիսկ Ադրբեջանի հետ հարաբերություններում, ընդհակառակը, գլուխը կախ, բավականին հաշվարկված քայլեր է իրականացնում, որի շնորհիվ արցախցիներն իրենց ավելի պաշտպանված և հարմարավետ են զգում։
Իհարկե, Արցախի վեցօրյա շրջափակումը լրջագույն խնդիրներ է առաջացրել, սակայն օպերատիվ շտաբի պետի պարտականությունները կատարող Վարդանյանը կարողացել է իրավիճակին համապատասխան քայլեր ձեռնարկել, որոնց արդյունքները սպասեցնել չեն տալիս, իսկ Արցախն օդային ճանապարհով ապահովելու, նաև Ստեփանակերտի օդանավակայանում «Կյանքի ինքնաթիռ» իջեցնելու առաջարկից հետո ադրբեջանցիներն արդեն լրջորեն մտածում են Լաչինի միջանցքը բացելու մասին։
Արամ Ադամյան