Մահացել է ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Միխայիլ Մոիսեեւը
International newsՄահացել է ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Միխայիլ Մոիսեեւը, «Ինտերֆաքս»-ին հայտնել է Ռուսաստանի ռազմական առաջնորդների ակումբի մամուլի քարտուղար Նիկոլայ Դերյաբինը։
«2022 թվականի դեկտեմբերի 18-ին 84 տարեկանում մահացել է Խորհրդային միության եւ Ռուսաստանի ականավոր ռազմական գործիչ, ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, «Վետերանների ռուսական միություն» վետերանների համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ, Ռուսաստանի Դաշնության ռազմական առաջնորդների ակումբի անդամ, բանակի գեներալ Միխայիլ Ալեքսեեւիչ Մոիսեեւը»,- ասել է նա։
Միխայիլ Մոիսեեւը ծնվել է երկաթուղու աշխատողի ընտանիքում։ 1957 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը եւ աշխատանքի անցել Խաղաղօվկիանոսյան նավատորմի օժանդակ նավի վրա՝ որպես կաթսայատան ինժեներ։ Բանակում ծառայության է անցել 1958 թվականից, հայտնում է MK-ն։
1988 թվականի դեկտեմբերի 2-ին գեներալ-գնդապետի կոչում ունեցող Մոիսեեւը նշանակվել է ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ ԽՍՀՄ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ։ 1991 թվականի նոյեմբերի 6-ին Խորհրդային բանակի կադրերից անցել է պահեստազոր եւ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբում։ 2008 թվականին դարձել է գլխավոր տեսուչ`այն համատեղելով ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի անդամի իր գործունեության հետ։