Ռուբեն Վարդանյանը չի ենթարկվի ադրբեջանական ճնշումներին
AnalysisԱրցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը չի ենթարկվելու ադրբեջանական ճնշումներին և տեղի չի տալու, շարունակելու է պայքարը։
«Վերածննդի» հրապարակում՝ բազմահազարանոց հանրահավաքում, Ռուբեն Վարդանյանը ելույթ է ունեցել, հայտնել իր հպարտությունը, որ այսքան մարդկանց հետ գտնվում է Ստեփանակերտում։ «Մարդիկ դժվարություններով հանդերձ ընդունում են այս իրավիճակը և պատրաստ են պայքարելու, եթե մենք գտնում ենք իմաստ պայքարելու, եթե կարող ենք հավատալ մեր առաջնորդներին, մենք պատրաստ ենք դիմակայել ամեն ինչի»,- ասել է Վարդանյանը։
Նրա խոսքով պետք է դիմանալ, պետք է պայքարել և ստեղծված իրավիճակում երեք ելք կա։ «Մեկը, որ ենթարկվում ու ինտեգրվում ենք Ադրբեջանին, երկրորդը՝ այստեղից դուրս ենք գալիս, երրորդը՝ պայքարում ենք։ Ես իմ որոշումը կայացրել եմ սեպտեմբերի 2-ին, ես այստեղ եմ, ես պայքարում եմ, ես այստեղից չեմ գնալու և չեմ ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին, ես ամեն ինչ տալու եմ Արցախի անկախության համար»,- նշել է Վարդանյանն ու հավելել, թե հրաշք չի լինելու, հրաշքի պետք չէ սպասել, սպասվում է շատ ծանր ճանապարհ, բայց այդ ճանապարհով անցնելու են իրար հետ միասին։
Հիշեցնենք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շաբաթներ առաջ հայտարարել էր, թե Արցախի պետնախարարը ուղարկված է Մոսկվայի կողմից և խոչընդոտում է կարգավորմանը, իսկ օրերս էլ Մոսկվայում Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Ջեյհուն Բայրամովը բառացի հայտարարել էր, թե Արցախի իշխանությունների հետ դրական ազդակներ կային, սակայն, Ռուբեն Վարդանյանի գալով դրանք բոլորը չեղարկվել են, ավելին, նա Ռուբեն Վարդանյանի՝ պետնախարարի պաշտոնում նշանակումը անվանել էր ավանտյուրիզմ և պահանջել էր, որ Վարդանյանը լքի Արցախը։ Սերգեյ Լավրովն էլ իր հերթին հայտարարել էր, թե Ռուբեն Վարդանյանը որևէ կապ չունի Ռուսաստանի հետ։
Ռուսաստանն իհարկե, փորձել էր այս կերպ լվալ իր ձեռքերը, սակայն յուրաքանչյուրին էլ հասկանալի է, որ առանց ՌԴ իմացության Ռուբեն Վարդանյանը չէր տեղափոխվի Արցախ և չէր դառնա պետնախարար, ուստի և Արցախի պետնախարարի ՝ երեկ արած հայտարարությունը Արցախը չլքելու իր պատրաստակամության և մինչև վերջ պայքարելու մասին, հույս է տալիս, որ նա բավական հետաքրքիր և տհաճ անակնկալներ է պատրաստել ադրբեջանական կողմի համար։ Պետնախարարն արդեն իսկ ապացուցել է իր արդյունավետ աշխատանքը, ինչի լավագույն գնահատականը, թերևս, ադրբեջանական կողմի ցնցումներն են։
Միլենա Ադամյան