«Տիտանիկ»-ը 25 տարի անց կվերաթողարկվի (լուսանկարներ, տեսանյութ)
CultureՌեժիսոր Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ»-ը՝ թերևս բոլոր ժամանակների ամենասիրված ֆիլմերից մեկը, փետրվարի 10-ից կվերադառնա կինոթատրոններ, այս մասին հայտնում է Daily Mail-ը:
25 տարի առաջ նկարահանված ֆիլմը, որը պատմում է հսկայական նավի կործանման և երիտասարդ Ջեքի (Լեոնարդո Դի Կապրիո) ու Ռոուզի (Քեյթ Ուինսլեթ) սիրո տխուր պատմությունը, ստեղծման արծաթե տարեդարձի կապակցությամբ ենթարկվել է թվային վերամշակման և կցուցադրվի 3D 4K HDR ձևաչափով՝ կադրերի բարձր արագությամբ:
68-ամյա ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը «Տիտանիկ» ֆիլմի համար արժանացել է «Օսկար»-ի երեք մրցանակի՝ ներառյալ լավագույն ռեժիսոր, լավագույն ֆիլմ և լավագույն մոնտաժ: Ֆիլմն ընդհանուր առմամբ արժանացել է 11 «Օսկար»-ի:
Ինչպես նկատում է աղբյուրը, «Տիտանիկ»-ի վերաթողարկումը խոստումնալից քայլ է դիստրիբյուտորի՝ Paramount Pictures-ի համար:
Ֆիլմը տևում է 3 ժամ 15 րոպե և ամբողջ աշխարհում վաստակել է մոտ 2,2 միլիարդ դոլար։