Երախտամոռները. Ո՞ւմ համար է Փաշինյանը պնդում Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը
AnalysisԱրցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ արշավի առաջամարտիկների թվում Հայաստանի գործող վարչախումբն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, և նրանց սպասարկուները։ Բոլորովին էլ զարմանալի չէ, որ Փաշինյանն այսօր, Ալիևի և Արայիկ Հարությունյանի հետ ձեռք-ձեռքի տված, ամեն բան անում է Արցախի պետնախարարին պաշտոնազրկելու համար։
Հաշվի չեն առնում անգամ Արցախի շրջափակումը, փաստացի պատերազմական վիճակում գտնվելը, պետնախարարի՝ արցախցիների խնդիրները լուծելուն ուղղված քայլերը։ Մինչդեռ, տակավին ամիսներ առաջ, երբ պատերազմական վիճակում էր Հայաստանը, նույն Ռուբեն Վարդանյանը կոչ էր անում օրվա ընդդիմությանը՝ դադարեցնել իշխանությունների դեմ պայքարը, լուծել խնդիրները, ապա անցնել ներքին հարցերին։
Սեպտեմբերյան ագրեսիայի օրերին, երբ դեռ Վարդանյանը պետնախարար չէր, նա սոցցանցերում գրառում էր արել, նշել, թե իշխանություններին դավաճանության մեջ մեղադրելը, հանրահավաքներին միանալն ու նրանց հրաժարականը պահանջելն աընդունելի է համարում, քանի որ պատերազմի ժամանակ անթույլատրելի է վտանգել սեփական երկրի իշխանությունների, ինչպիսին էլ որ դրանք լինեն, լեգիտիմությունը:
Փաստելով, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում հաջողել ո՛չ պաշտպանության, ո՛չ դիվանագիտության մեջ, ո’չ տեղեկատվական պատերազմում և, ամենակարևորը` չեն կարողանում վտանգի պահին համախմբել հասարակությունը, Ռուբեն վարդանյանն ընդգծել էր, թե նախ՝ պետք է առնվազն հաղթահարել պատերազմի սուր փուլն ու վտարել ագրեսորին մեր երկրի սահմաններից:
«Դրանից հետո արդեն՝ մտածել երկրի ներքին հարցերով զբաղվելու մասին»,- նշել էր նա:
Երիցս արդարացված է այս մոտեցումը՝ պատմական փորձը վկա։
Իսկ այսօր հենց Փաշինյանն է առաջին պահանջողներից մեկը, որպեսզի փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող Արցախում իշխանափոխություն լինի, թուլանա Արցախի պաշտպանունակությունը, փոխարենը՝ աճի Ադրբեջանի դերն ու ազդեցությունը։
Ահա, այսպիսի բաներ...
Արամ Ադամյան