ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պապիկյանը տապալեց ԱԺ նիստը․ նախապես հաստատել էր, չեկավ. Թագուհի Թովմասյան
SocietyԹագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօրվա դռնփակ քննարկումը՝ «ՀՀ Զինված ուժերի ներկա վիճակի, բանակում առկա խնդիրների, դրանց լուծման ընթացքի և ուղիների վերաբերյալ» թեմայով, որը տապալվեց ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ջանքերով, վկայությունն է այն պարզ իրողության, որ հայկական բանակը իրապես բարձիթողի վիճակում է։
Չնայած հունվարի 17-ին ուղարկած գրությանս ՀՀ պաշտպանության նախարարության նախապես տրված հաստատմանը՝ հանդիպումից մոտ մեկ ժամ առաջ ստացա Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից գրություն առ այն, որ առաջարկվող դռնփակ քննարկմանը ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների մասնակցությունը ներկայումս գտնվել է ոչ նպատակահարմար:
ՀՀ Ազգային ժողովը քաղաքացիների քվեով ձևավորված մարմին է, որին հաշվետու է Կառավարությունը։ Եվ այս պայմաններում ասել, որ խորհրդարանական երկիր Հայաստանում գոյություն ունի խորհրդարանական վերահսկողություն, նշանակում է ուղղակի ստել։
Պաշտպանության նախարարությունն աշխատում է միայն քպ-ական պատգամավորների հետ։ Դրա համար էլ ունենք առաջնագծի այնպիսի խայտառակ պատկեր, ինչպիսին տեսանք ողբերգական հրդեհի օրը՝ հունվարի 19-ին, Ազատ գյուղում։
Երբ մոտ երկու տարի առաջ երկրի թիվ մեկ պատասխանատուից հետաքրքրվեցի մեր առաջնագծի վիճակով, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, թե լավ կահավորված առաջնագիծը տեսանելի չէ։ Սա՞ էր ձեր լավ կահավորված առաջնագիծը․ զինվորները քնել էին ճաղավանդակներով խրճիթի մեջ, 21-րդ դարում տաքանում էին փայտե վառարանով, այն միացնում բենզինով. ծառայում էին անմարդկային պայմաններում․․․
Նիկոլ Փաշինյանը հիմա էլ չի կարող ասել, որ թիվ մեկ պատասխանատուն է, բայց մեղավորը չէ։ Թերևս հենց այդ գիտակցումից խուսափելու համար էր Փաշինյանը հրապարակավ այնպիսի մանրամասնությամբ պատմում տեղի ունեցած հրդեհի ծագումը, որ թվում էր՝ այնտեղ է եղել։ Դա ոչ այլ ինչ էր, քան ուղղորդում ՀՀ քննչական մարմիններին։
Այս ուղղորդումից հետո Փաշինյանը հաջորդ օրը շտապեց տարբեր մարզեր՝ ողջունելու պարեկներին։ Սա նշանակում է, որ մեր երկրում պետական մակարդակով առավել կարևորվում են պարեկները, որոնք պիտի պահեն Փաշինյանի իշխանությունը, քան զինծառայողները, որոնք մեր երկրի անվտանգության թիվ մեկ երաշխավորն են։
Վերջում ևս մեկ անգամ ցավով պիտի արձանագրեմ, որ ՊՆ-ի հրաժարումը այս քննարկումից ի ցույց է դնում Նիկոլ Փաշինյանի իշխանության անլրջությունը և կառավարման տկարությունը։ Ափսոս մեր զինվորները․․․
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյան