«Այս իշխանության դեպքում ցանկացած իրավիճակի սրում մեզ համար կրկնակի սպառնալիք է». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Հունվարի 29-ին Իրանի մի շարք քաղաքներում ռազմական օբյեկտներ խոցելու փորձ արվեց: Տեղի ունեցածի վերաբերյալ միջազգային մամուլում տարաբնույթ տեղեկություններ են շրջանառվում: Թե ի՞նչ է կատարվում Իրանի շուրջ և ինչի՞ կարող է հանգեցնել առկա լարվածությունը, քննարկել ենք միջազգայնագետ, պատմաբան ու էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվել յանի հետ: Մանվել յանի կարծիքով, նմանատիպ զարգացումները սպասելի էին:
«Առհասարակ, Մերձավոր Արևելքում անվտանգային իրավիճակը վաղուց է սրվում: Սիրիայում տեղի ունեցող գործընթացներից, ինչպես նաև իրաքյան պատերազմից հետո Իրանի շուրջ իրավիճակը սրվեց. փորձ է արվում այդ պետությունը քանդել թե՛ ներսից, թե՛ դրսից, ինչի շուրջ աշխատում են մասնավորապես արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ն՝ Իսրայելի դաշնակցությամբ: Նմանատիպ գործընթացները սպասելի էին հատկապես այն բանից հետո, երբ սկսվեց Իրան-Ռուսաստան ռազմական դաշնակցությունը: Եթե մինչ այդ Իրանն ու ՌԴ-ն ուղղակի համագործակցում էին, հետո կամաց-կամաց տեղափոխվեցին ռազմական համագործակցության ոլորտ: Արդեն հիմա ռազմավարական համագործակցության մասին է խոսվում: Ընդհանուր առմամբ, հակասությունները, առկա լարվածությունը հատկապես Իրանի շուրջ իրավիճակը պայթեցնելու փորձի պետք է հանգեցնեին»,«Փաստի» հետ զրույցում ասաց նա:
Իսկ թե թիրախում գտնվող Իրանի շուրջ իրավիճակը, նաև Ադրբեջանի հետ ունեցած լարվածությունն ի՞նչ վտանգներ է պարունակում մեր երկրի համար, Ա. Մանվել յանը նկատեց. «Ադրբեջանը շատ խորքային համաձայնություն ունի Իսրայելի և Թուրքիայի հետ: Իսրայելը Ադրբեջանին զենք է մատակարարում, Թուրքիան աջակցում է: Արցախյան վերջին պատերազմում ակտիվ կերպով օգտագործվել է իսրայելական զենք, կային լուրեր, որ Իսրայելն Ադրբեջանի տարածքում որոշակի կենտրոններ է ստեղծել, որտեղ ԱԹՍ-ների միջոցով փորձում է նաև հետախուզական աշխատանքներ իրականացնել Իրանի տարածքում: Երբ այդ պատերազմի հետևանքով հայկական ուժերի կողմից վերահսկվող Արաքսի ափամերձ շրջանն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, Իսրայելը սկսեց շատ ակտիվ կերպով վերահսկել նաև Իրանի տարածքը: Պարզ էր, որ Իրանի շուրջ ձևավորվում էր հակաիրանական որոշակի կոալիցիա՝ սունի մահմեդականների, Իսրայելի, Թուրքիայի ու Ադրբեջանի ներգրավմամբ: Սա, ի վերջո, կարող է հանգեցնել ռազմական բախման: Բացառված չէ, որ այդ դեպքում Հայաստանի հարավային շրջաններում կարող են նաև որոշակի ռազմական գործողություններ ձևավորվել: Բացառված չէ, որ, օգտվելով հնարավոր պատերազմի առիթից, իր, այսպես կոչված, «միջանցքի բացման» անվան տակ Ադրբեջանը փորձի մտնել նաև ՀՀ տարածք և գործողությունների մի մասը այդպիսով տեղափոխել նաև Հայաստանի տարածք»:
Ա. Մանվել յանը հիշեցրեց՝ Իրանը մի քանի անգամ արդեն հայտարարել է, որ դեմ է Հայաստանի հարավի նկատմամբ ցանկացած վերահսկողության, «միջանցքի բացման», քանի որ դա իր շահերից չի բխում: «Իրանի համար Հայաստանի հետ ցամաքային կապ ունենալը կարևոր է: Այդ իսկ պատճառով Իրանի նկատմամբ հնարավոր էսկալացիան, իրավիճակի սրումը չի բխում նաև Հայաստանի շահերից ու կարող է որոշակի սպառնալիք ստեղծել Հայաստանի հարավի նկատմամբ: Մեծ հաշվով, միակ ուժը, որը կարող է լայնածավալ ռազմական գործողություններ սկսել Իրանի նկատմամբ, Թուրքիան է: Իրականում վերոնշյալ հարձակումները, դրոններով հարվածները, այսպես ասենք, առանց լուրջ վնասի կսմթոցներ են: Հնարավոր է նաև, որ նման դեպքերը շարունակվեն: Նկատենք նաև, որ հարձակումը եղել է, բայց ոչ ոք չի համարձակվում պատասխանատվությունն իր վրա վերցնել: Ըստ արաբական աղբյուրների, հարձակումը կազմակերպել է ԱՄՆ-ն, ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Իսրայելն է կանգնած հարձակման հետևում: Տարբեր աղբյուրներով էլ Իրանում գործող խմբավորումներն են կազմակերպել»,-նշեց մեր զրուցակիցը:
Թեև, ըստ Ա. Մանվել յանի, լայնածավալ գործողությունների հավանականությունը բացառել հնարավոր չէ, բայց առնվազն այս պահին, մոտակա ու տեսանելի ապագայում Թուրքիայի կողմից Իրանի նկատմամբ գործողությունների հնարավորություն չի տեսնում: Իսկ թե ինչ սպառնալիքների առաջ է մեր երկիրը, երբ պայթյունավտանգ տարածաշրջանում արտաքին քաղաքականությունը միանշանակ չէ հատկապես դաշնակից ու բարեկամ երկրների հետ, Ա. Մանվել յանը շեշտեց. «Հայաստանում գործող իշխանությունը տեղով սպառնալիք է հայ ժողովրդի համար: Այս իշխանությունը երբեք չի հասկացել, թե ինչ է հայ ժողովրդի շահ ասվածը, անընդհատ այդ շահը դրել է վաճառքի, ինչը նոր բան չէ: Արդեն 5-րդ տարին է՝ հայ ժողովրդի քաղաքական ու կենսական շահերը վաճառքի դնելով են զբաղված: Ու դա իրականացնում են ինչ-որ խաղաղության մասին թեզերով, մինչդեռ դրա շուրջ գործընթացները ևս ամբողջովին ձախողել են: Հետևաբար, այս իշխանության դեպքում ցանկացած իրավիճակի սրում թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ Հարավային Կովկասում, թե՛ նաև Ուկրաինայում, մեզ համար կրկնակի սպառնալիք է: Կրկնակի ու եռակի սպառնալիքի տակ ենք, քանի դեռ ոչ ադեկվատ քաղաքական ռեժիմ է իշխում Հայաստանում: Խոսքը մի քաղաքական ռեժիմի մասին է, որի համար Բաքուն և Անկարան ավելի լավ գործընկեր են, քան Մոսկվան ու Թեհրանը: Այս տրամաբանության մեջ գտնվող քաղաքական ռեժիմը սպառնալիք է Հայաստանի համար: Այս իշխանության շարունակության դեպքում ցանկացած իրավիճակի սրում թե՛ Հայաստանի հարավում, թե՛ Արցախի շուրջ կարող է մահացու լինել մեր երկրի համար»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում