Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տվել զերծ մնալ Իրան մեկնելուց
International newsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տվել զերծ մնալ Իրան մեկնելուց, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Հաշվի առնելով Իրանում տիրող անկայուն իրավիճակը և մեր երկրի դիվանագիտական ներկայացուցչության դեմ իրականացված «ահաբեկչությունը» (չակերտները՝ Tert.am)՝ Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում անհարկի չայցելել Իրան, իսկ այցելողներին խորհուրդ է տրվում ցուցաբերել ծայրահեղ զգուշություն։ Այս պահին Իրանում գտնվող Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում պահպանել անվտանգության կանոնները», - ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին հարձակում է տեղի ունեցել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, սպանվել է Ադրբեջանի իրավապահ մարմինների դեսպանատան պաշտպանության համար պատասխանատու աշխատակիցը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը որակել է «ահաբեկչություն»: Ադրբեջանը տարհանել է դեսպանատան անձնակազմը: Բաքուն հերքել է Թեհրանի վարկածը՝ դեսպանատան վրա հարձկման շարժառիթների վերաբերյալ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Թեհրանի ոստիկանության ղեկավարը հայտնել էր, որ հարձակվողը դեսպանատուն է մտել իր երկու անչափահաս երեխայի հետ:
«Նախնական քննությունը ցույց է տալիս, որ հարձակվողի շարժառիթը եղել են անձնական և ընտանեկան խնդիրները», - ասել էր նա:
Մինչդեռ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն ասել է.«Մենք չենք հավատում, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը կատարվել է անձնական կամ ընտանեկան շարժառիթով։ Մենք դատապարտում ենք այս հարձակումը և Իրանի կառավարությունից պահանջում ենք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել սադրիչներին բացահայտելու համար։ Իրանական կողմը պետք է միջոցներ ձեռնարկեր մեր դեսպանատան վրա հարձակման դեմ։
Թեհրանը պետք է միջոցներ ձեռնարկի Իրանում հակաադրբեջանական արշավի դեմ։ Վերջին ամիսներին իրանական լրատվամիջոցներում հակաադրբեջանական լայնածավալ քարոզչություն է իրականացվել, ինչը խթան է հանդիսացել հարձակման համար։ Ադրբեջանը միշտ եղել է Իրանի հետ բարիդրացիության կողմնակից, սակայն նման սադրանքները բացասական ազդեցություն են ունենում։ Հարձակման ողջ պատասխանատվությունը կրում է իրանական կողմը»: