Չալաբյանն ու Թաթոյանը ամենացածր հակավարկանիշն ունեն Հայաստանում
Analysis«Ֆոկուս» եվրասիական սոցիոլոգների ազատ դաշինքը հրապարակել է իր իրականացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնք իրականացվել են Հայաստանում և բավական ուշագրավ արդյունքներ են ցույց տվել։
Ըստ այդ հարցումների՝ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրական վարկանիշը Հայաստանում կազմում է 21,67 %, երկրորդ տեղը զբաղեցնում է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Ըստ հարցվածների՝ եթե Ազգային ժողովի ընտրությունները տեղի ունենային հենց այսօր, ապա Ռուբեն Վարդանյանի գլխավորած քաղաքական ուժը կստանար 20,36 %։ Խորհրդարանական ընդդիմության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը չափազանց ցածր ցուցանիշ է ցույց տվել՝ 7,74 % զբաղեցնելով ընդամենը 4-րդ տեղը, իսկ նրանից առաջ էլ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանն է՝ 9,17%։
Հարցման արդյունքները ուշագրավ են հատկապես հակավարկանիշների առումով։
Մեկ տասնյակից ավելի քաղաքական գործիչների մեջ ամենացածր հակավարկանիշը Հայաստանում ունեն նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանն ու «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։
Ըստ էության, այս երկուսի դեպքում էլ հստակ միտում է արձանագրվում, որ հանրությունը նրանց կատարած աշխատանքը, վերջին տարիներին այս երկու գործիչների ձեռքբերումները, ինչպես նաև հանրության հետ աշխատելու հնարավորությունները, կատարած գործերը բավական ուշագրավ և հետաքրքիր լույսի ներքո են դիտարկում, ինչը միանշանակ դրական է։
Ի դեպ, եթե Արման Թաթոյանի դեպքում կարելի է միանգամայն փաստել, որ դա նրա աշխատանքն է օմբուսմենի պաշտոնում, ինչպես նաև 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի գործող, ապիկար ու դավաճանական իշխանություններին հակադրվելը և մարդկանց իրավունքները անշեղորեն պաշտպանելը, ապա «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի դեպքում խնդիրն ավելի խորքային և բազմաշերտ է։
Չալաբյանը, ոչ միայն աչքի է ընկնում գործող վարչախմբի դեմ պայքարում կրած զրկանքներով և ամիսներ շարունակ անազատության մեջ գտնվելով, այլև զգալի աշխատանք է կատարել Արցախի ու Հայաստանի պաշտպանության դիրքերի կահավորման, նոր սպառազինությունների ձեռքբերման և նոր գաղափարների ու քաղաքական մտքի տարածման առումով։
Թերևս ուշագրավ է, որ հանրությունը որքան էլ քաղաքական տարբեր ուժեր և գործող վարչախմբի քարոզիչներ փորձում են նվաստացնել, նսեմացնել հայ ժողովրդի մտավոր ընդունակությունները, հրաշալի հասկանում են թե ով ով է և ինչպիսի ավանդ է ներդնում Հայաստանի Հանրապետության վերականգնման և զարգացման գործում։
Ամեն դեպքում փաստն այն է, որ առնվազն թե՛ Ավետիք Չալաբյանի և թե՛ Արման Թաթոյանի դեպքում գործ ունենք հեռանկարային գործիչների հետ, որոնք որևէ կերպ չեն վարկաբեկել իրենց, նրանց հնարավոր չէ մեղադրել նախկինում կատարած թալանի և այլ ապօրինություների մեջ, իսկ նրանց գործունեությունը բացառապես դրական լույսի ներքո է ներկայացվում, անգամ գործող վարչախմբի սպասարկուների հակաքարոզչության պայմաններում։
Մինաս Ավագյան